Կենտրոնական հարձակվողներ, որոնք  կարող են ուժեղացնել Բարսելոնայի կազմը

Կենտրոնական հարձակվողներ, որոնք կարող են ուժեղացնել Բարսելոնայի կազմը

26/01/2020 - 22:03

Կատալանոկանակ «Բարսելոնան» գոլահար Լուիս Սուարեսի ծանր վնասվածքի պատճառով փնտրում է կենտրոնական հարձակվող։ Լուիս Սուարեսի բացակայությունը զգացնել է տալիս հատկապես վերջին երեք հանդիպումներում: Կատալոնական ակումբն այդ խաղերում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։ «Բարսելոնայի» հետ են կապում մի շարք հարձակվողների, սակայն մենք առանձնացրել ենք որոշ հարձակվողներ, որոնք կարող են, իրոք, ուժեղացնել կատալոնացիների հարձակման գիծը

Սերխիո Կուն Ագուերո – «Մանչեսթեր Սիթի»

Կատալոնացիների ավագ Լեո Մեսսին բազմիցս նշել է, որ ցանկանում թիմում տեսնել հավաքականի իր խաղընկեր Սերխիո Ագուերոյին, ով 31 տարեկան հասակաում չի դադարում բարձր արդյունավետություն ցուցաբերել։ Մեսսի – Ագուերո զույգը ակումբային մակարդակով կարող է իդեալական դիտվել, քանի որ այս երկուսն իրար ճանաչում են շատ վաղուց։ Ագուերոն արդեն 9-րդ մրցաշրջանն է անցկացնում անգլիական Պրեմիեր լիգայում և այդ 9 տարիների ընթացքում միայն մեկ անգամ է 15 գոլից պակաս հեղինակել։ Այս տրանսֆերի հավանականությունն ավելի է մեծացնում նաև այն փաստը, որ խաղացողի պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը, և կատալոնացիները միգուցե փորձեն հաջորդ ամռանը գնել նրա տրանսֆերը։ Տրանսֆերի կայացմանը կարող է օգնել նաև այն, որ արգենտինացի հարձակվողը Լա լիգայում խաղալու փորձ արդեն ունի։

Տրանսֆերի հավանականությունը՝ 50%

Տեմո Պուկի – «Նորվիչ»

Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք։ Ֆինն հարձակվողը Պրեմիեր լիգյաի հետնապահի իսկական առաջատարն է և իր ակումբի 24 գնդակներից 11-ը հենց ինքն է հեղինակել։ Բացի այն, որ Պուկին հիանալի է դիրք ընտրում՝ գոլ խփելու համար, նաև խարիզմատիկ հատկանիշներ ունի։ Կարծում ենք, որ Պուկին իր այդ հատկանիշով ներկա պահին շատ պետք կգար «Բարսելոնային», քանի որ թիմն ակնհայտ կաղում է այդ տեսանկյունից, իսկ «Բարսայի» կազմում 29-ամյա հարձակվողը իր խփած գոլերի քանակը կկրկնապատկեր։ Արժեր նրան ընթացիկ ձմռանը հետագայում գնման իրավունքով վարձակալել։ Սակայն, Պուկիի կարգի հարձավկողները հաճախ չեն կարողանում իրենց մինչև վերջ ցուցարդել թոփ ակումբներում, ինչն էլ հիմնականում գրեթե բացառում է այս տրանսֆերի հավանականությունը, բայց հետաքրքիր կլիներ նրան տեսնել ավելի հզոր ակումբում։

Տրանսֆերի հավանականությունը՝ 5%

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ – «Արսենալ»

Մի փոքր դժվար է պատկերացնել, թե 30-ամյա գաբոնցին ինչպես է հարմարվելու Կիկիե Սետիենի խաղային ձեռագրին, քանի որ այն ակումբներում, որտեղ նա հանդես է եկել, առանձնապես նման խաղաոճ չեն նախընտրել։ Սակայն, վերջերս կտրուկ շատացել են այն խոսակցությունները, թե կատալոնական ակումբը պատրաստ է հենց այս ձմռանը ձեռք բերել հարձակվողին՝ վարձակալելով նրան։ Գաբոնցին իր փորձով միանշանակ կօգնի կատալոնական ակումբին։ Բացի փորձից՝ նա հիանալի է բացվում, ֆանտաստիկ արագություն և գոլային հոտառություն ունի, իսկ Լեո Մեսսիի կարգի փլեյ-մեյքեր ունենալը Օբամեյանգի կարգի հարձակվողների համար իսկական երազանք է։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։

Տրանսֆերի հավանականությունը՝ 50%

Էդինսոն Կավանի – ՊՍԺ

Փարձառու հարձակվողը միանշանակ կցանկանար հանդես գալ հավաքականի իր լավագույն խաղընկեր Լուիս Սուարեսի կողքին։ Զարմանալի է, որ կատալոնական ակումբը չի փորձում օգտվել այն փաստից, որ Կավանիի պայմանագիրը լրանում է ամռանը։ Խաղացողի հետ պայմանագիր ստորագրելուն ամենամոտը «Ատլետիկո Մադրիդն» է, որն անձնականան պայմանագիր է համաձայնեցրել խաղացողի հետ, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել գործարքի գումարային հարցում։ Կավանին իր փորձով և տեխնիկական առումով հիանալի համալրում կարող է լինել ակումբի համար։ Նա նաև հիանալի գոլային հոտառություն ունի և իզուր չի ստացել «մարդասպան» մականունը։

Տրանսֆերի հավականությունը՝ 10%

Լաուտարո Մարտինես – «Ինտեր»

Երիտասարդ արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում ակնհայտ առաջընթաց է գրանցել։ 22-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանւոմ բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման և դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հավաքականում երիտասարդ հարձակվողի խաղընկեր Լեո Մեսսին նույնպես կողմ է այս տրանսֆերին, քանի որ զգում է, որ այս տղայի հետ կարող է հիանալի համագործակցել դաշտում։ Լաուտարոյի ամենաուժեղ կողմերն են ֆիզիկական պայքարում հաղթող դուրս գալը, ինչպես նաև խաղացողը հիանալի է հանդես գալիս, երբ մեջքով գտնվում է մրցակցի դարպասի հակառակ ուղղությամբ։ Այս տրանսֆերի հավանականությունն ավելի է մեծացնում նաև այն, որ հուլիսից սկսած խաղացողի հրաժարագինը կազմելու է 111 մլն եվրո, ինչը մերօրյա ֆուտբոլային գների պարագայում, չնչին գումար է։ Երիտասարդ հարձակվողը Լեո Մեսսիի կողքին միանշանակ ավելի կաճի։

Տրանսֆերի հավանականությունը՝ 40

Տիմո Վերներ – «Լայպցիգ»

23-ամյա հարձակվողը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում՝ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկիի հետ պայքարելով լավագույն ռմբարկուի կոչման համար։ Տիմո Վերների հիմնական առավելությունն այն է, որ հարձակման տարբեր կրակագծերում կարողանում է հանգիստ հանդես գալ։ Ինչպես շատ բարձրակարգ հարձակվողներ, Վերները նույնպես ունի մարդասպանի հոգեբանություն։ «Բարսայի» մարզչական կազմը կարող է նրան տարբեր դիրքերում փորձարկել։ Սակայն, նրան ձեռք բերելը բավականին բարդ կլինի, քանի որ այս պահին Վերները Եվրոպայի ամենապահանջված հարձակվողներից մեկն է։ «Լիվերպուլը» կարծես թե բոլորից առաջ է անցել՝ խաղացողին ձեռք բերելու հարցում։

Տրանսֆերի հավանականությունը՝ 10%

Ռոբերտո Ֆիրմինո – «Լիվերպուլ»

Եթե «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Տիմո Վերներին, ապա ամենահավանական թեկնածուն, որը կլքի մերսիսայդյան ակումբը դառնում է Ռոբերտո Ֆիրմինոն։ Ունիվերսալ բրազիլացին խաղային առումով նշված խաղացողներից ամենաիդեալական տարբերակն է կատալոնական ակումբի համար։ Նախ նա հիանալի է խաղում նաև ձախ եզրից, ինչը հնարավորություն կտա Անտուան Գրիզմանին հետ բերել կենտրոնական հարձակվողի դիրք, երկրորդ՝ 28-ամյա բրազիլացին հաջող հանդես է գալիս «կեղծ» 9 համարի դիրքում։ Որպես «կեղծ» 9 համար՝ Ֆիրմինոն կարող է «Բարսելոնայի» համար դառնալ Պեպ Գվարդիոլայի ժամանակների Լեո Մեսսին։ Բրազիլացին ոչ միայն գոլահար է, այլև հիանալի խաղ կառուցող։ Կատալոնական ԴՆԹ-ի իդեալական ներկայացուցիչ կարող է դառնալ։ Սակայն, դժվար է պատկերացնել, որ Ֆիրմինոն կհայտնվի «Բարսելոնայում», քանի որ բազմիցս նշել է, որ երջանիկ է «Լիվերպուլի» կազմում, բայց արժե ուժերը փորձել նաև այլ առաջնությունում։

Տրանսֆերի հավանականությունը՝ 20%

Կառլոս Վելա – «Լոս-Անջելես»

30-ամյա հարձակվողը 2018/19 մրցաշրջանում ՄԼՍ-ի շրջանակում ավելի շատ գոլի հեղինակ դարձավ, քանի մասնակցեց հանդիպումների՝ 31 խաղում դառնալով 34 գոլի հեղինակ։ Վելան նույնիսկ գերազանցեց լեգենդար Զլատան Իբրահիմովիչին։ Վելան, ինչպես մեր առանձնացրած շատ հարձակվողներ, շատ բազմաֆունցկիոնալ հարձակվող է՝ կարողանալով հանդես գալ նաև ինչպես աջ եզրից, այնպես էլ որպես «կեղծ» 9 համար։ Վելայի առավելություններից է նաև այն, որ Լա լիգայում խաղալու բավականին մեծ փորձ ունի, քանի որ 6 տարի բավականին հաջող հանդես է եկել Սան-Սեբաստիանը ներկայացնող «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Լա լիգայի շրջանակում մեքսիակցի հարձակվողն ընդհանուր առմամբ մասնակցել է 252 հանդիպման՝ դառնալով 69 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։ Հետաքրքիր կլինի նրան տեսնել «Բարսելոնայի» կազմում։ Նրա արժեքը գնահատվում է ընդամենը 15 մլն եվրո և մեծ գումարներ ծախսելու կարիք չի լինի։

Տրանսֆերի հավանականությունը՝ 30%

Սրանք այն հիմնական հարձակվողներն են, որոնք, ըստ Interfootball.am-ի, միանշանակ կարող են ուժեղացնել «Բարսելոնայի» կազմը։ Սակայն, կարելի է նաև առանձնացնել Յոսիպ Իլիչիչին («Ատալանտա»), Ալֆրեդո Մորելոսին («Ռեյնջերս»), Սերդար Ազմունին («Զենիթ»), Գաբրիել Ժեզուսին («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Մուսա Դեմբելեին («Լիոն»), որոնց նույնպես արժե պահել աչքի տակ։ Կատալոնական ակումբի սկաուտները պետք է շտապեն, քանի որ տրանսֆերային պատուհանի ավարտին մնացին հաշված օրեր։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023