Լայպցիգը հետևում է Բորուսիայի օրինակին և նույնպես սայթաքում է 🎥
Բունդեսլիգայի 16-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի անմիջական մասնակից «Լայպցիգը», հետևելով առաջատարներից՝ Դորտմունդի «Բորուսիայի» օրինակին («Բորուսիա Դորտմունդ» «Մայնց»՝ 1։1), նույնպես սայթաքում է՝ արտագնա խաղում միավորներ կիսելով «Վոլֆսբուրգի» հետ։ Գոլառատ խաղում կողմերը փոխանակվեցին երկուական գնդակներով։
Առաջին խաղակեսի սկզբնամասում Նորդի Մուկիելեի գնդակին՝ տանտերերը պատասխանեցին երկու գոլով, որոնք իրենց ակտիվում գրանցեցին Վաութ Վեգհորսթը և Ռենատո Շտեֆենը։
Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին «Ցուլերի» պաշտպան Վիլի Օրբանը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ 2։2։
Այդ գոլից հետո «Լայպցիգի» ֆուտբոլիսները նետվեցին առաջ երեք միավորների հետևից, սակայն խաղում այլևս գոլեր չխփվեցին։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ «գայլերը» ողջ խաղի ընթացքում երկու անգամ էին կարողացել հարվածել դարպասին, որոնք էլ պսակվել էին գոլով, իսկ ահա Յուլիան Նագելսմանի սաներից նույքան գոլ խփելու համար 9 դիպուկ հարված պահանջվեց։
Այսպիսով, Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Լայպցիգը» մեկ միավոր է վաստակում՝ միավորների ընդհանուր քանակը հասցնելով 32-ի, որն էլ համապատասխանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականին։ «Վոլֆսբուրգը», վաստակած 26 միավորով, 6-րդն է։
Տեղեկացնենք, որ վաղը՝ հունվարի 17-ին, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար և գործող չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ ուժերը կչափի 8-րդ հորիզոնականում հանգրվանած «Ֆրայբուրգի» դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18-30-ին։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Մայնց, Յուլիան Նագելսման, Նորդի Մուկիելե, Ռենատո Շտեֆեն, Վաութ Վեգհորսթ, Վոլֆսբուրգ, Ֆրայբուրգ