Ա սերիան նոր առաջատար ունի․ Ինտերը հիանալի խաղով օգտվեց Միլանի նվերից 🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց միլանյան ակումբի գրոհներով, որոնք իրենց արդյունքը տվեցին արդեն 20-րդ րոպեին, երբ «Լացիոյի» կենտրոնական պաշտպան Վեսլի Հուդտը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Լաուտարո Մատրինեսի նկատմամբ։
Հանդիպման գլխավոր մրցավար Միքայել Ֆաբրին, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, նշանակեց 11-մետրանոց հարված։
Նշակետին մոտեցավ Ռոմելու Լուկակուն, ով, գրավելով Պեպե Ռեյնայի պաշտպանած դարպասը, բացեց խաղի հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, բելգիացի գոլահարը «Սան Սիրո» մարզադաշտի լուսատախտակին վառեց արդեն 2։0 հաշիվը։
Այդ դրվագում էլ օգնության հասավ VAR համակարգը, քանի որ գլխավոր մրցավարը խաղից դուրս իրավիճակ էր արձանագրել Լուկակուի մոտ, սակայն, ինչպես պարզվեց հետագայում գնդակը 27-ամյա հարձակվողին խառնաշփոթ իրավիճակում հասել էր «Լացիոյի» պաշտպան Մանուել Լացարիից։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից «արծիվները» նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու և 62-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը։
Հռոմեական ակումբը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էր վաստակել․ գնդակին մոտեցավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, ում հարվածից հետո «Լացիոյի» կիսապաշտպան Գոնսալո Էսկալանտեն պատահաբար գնդակն ուղարկեց Սամիր Հանդանովիչի դարպասը։
Հանդիպման հյուրերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 64-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմը վերականգնեց երկու գնդակի առավելությունը։
«Ներաձուրիները» գոլային դրվագում նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Մարսելո Բրոզովիչը հիանալի փոխանցումով հարձակման աջ եզրում գտավ Ռոմելու Լուկակուին, ով էլ ճանապարհին ուժային պայաքարում հաղթող դուրս եկավ Մանուել Լացարիի հետ պայքարում, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, վերջինս էլ հաշիվը դարձրեց 3։1։
Այդ գոլը, կարծես թե, լրիվ թևաթափ արեց Սիմոնե Ինձզագիի տղաներին, ովքեր խաղավերջում չփորձեցին հետ բերել կորցրածը, իսկ հանդիպումն այդպես էլ ավարտվեց։
Այսպիսով, «Ինտերը» 3։1 հաշվով գերկարևոր հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ, վաստակեց 50 միավոր, շրջանցեց «Միլանին» և դարձավ Ա սերիայի առաջատար։ «Ռոսոներիները», որոնք փետրվարի 13-ին հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեցին «Սպեցիային», մնացին 49 միավորով և նահանջեցին 2-րդ հորիզոնական։
«Լացիոն» էլ ընդհատեց Ա սերիայի շրջանակում իր՝ 6 հանդիպումներից բաղկացած հաղթարշավը և մնաց 40 միավորով, ինչը համապատասխանում է 7-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անտոնիո-Կոնտե, Գոնսալո Էսկալանտե, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լացիո, Մանուել Լացարի, Միլան, Ռոմելու-Լուկակու, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Սիմոնե Ինձզագի