ԵԼ. «Բուդյո Գլիմտը» պատմական հաղթանակ է տարել` 11-մետրանոցներով պայքարից դուրս թողնելով «Լացիոյին» 🎥
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» հյուրընկալվելիս մրցել է «Լացիոյի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում նորվեգական թիմը սեփական դաշտում հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան խաղն անցել է գերդրամատիկ և թրիլերային սցենարով, որը «Բուդյո Գլիմտը» հաղթել է հետխաղյա 11-մետրանոցներով։
Հանդիպման հիմնական ժամանակում հռոմեական ակումբը հաղթել է 2:0 հաշվով։ Մարկո Բարոնիի գլխավորած թիմից աչքի են ընկել Վալենտին Կաստելիանոսն ու Տիջանի Նոսլինը։ Վերջինը վճռորոշ գոլ խփել է 90+3-րդ րոպեին ու դիմակայությունը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
100-րդ րոպեին «Լացիոն» Բուլայե Դիայիի գոլի շնորհիվ հաշիվը դարձրել է 3:0։
Թվում էր, թե «բիանկոչելեստեն» արդեն բաց չի թողնի դիմակայությունում ընդհանուր հաղթանակը, սակայն հյուրերից Անդրեաս Հելմերսենը 109-րդ րոպեին կրճատել է հաշիվը։ Այդ գոլը թույլ է տվել «Բուդյո Գլիմտին» պայքարը շարունակել 11-մետրանեցներում։
Հյետիլ Կնուդսենի գլխավորած թիմի դարպասապահ Նիկիտա Հայկինը հետ է մղել Լոում Չաունայի ու Վալենտին Կաստելյանոսի հարվածները, իսկ Տիջանի Նոսլինի հարվածից հետո գնդակը շեղ է ընթացել. «Բուդյո Գլիմտը» հարվածաշարում առավելության է հասել 3:2 հաշվով։
Նշենք, որ 29-ամյա Հայկինը հանդիպման ընթացքում նույնպես մի շարք տպավորիչ սեյվեր է գրանցել` ընդհանուր 9 անգամ փրկելով իր թիմին։
Այսպիսով, «Բուդյո Գլիմտը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Տոտենհեմի» դեմ։
«Բուդյո Գլիմտը» դարձել է նորվեգական առաջին ակումբը, որը հանդես կգա եվրագավաթային խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից