Բելինգհեմը կրկին հերոսանում է` 90+5-րդ րոպեին Ռեալին կամային հաղթանակ պարգևելով Խետաֆեի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ հյուրերն արդեն 11-րդ րոպեին Բորխա Մայորալի ջանքերով բացեցին հաշիվը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանը, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն չհաջողվեց նախքան ընդմիջում խփել պատասխան գնդակը։
Այն, ինչ չհաջողվեց տանտերերին անել առաջին խաղակեսում, նրանք դա արեցին արդեն 47-րդ րոպեին` հավասարեցնելով հաշիվը. աչքի ընկավ Խոսելուն։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «սերուցքայիններն» ունեին խաղային ու տարածքային տոտալ առավելություն և գնդակը վերահսկում էին ժամանակի 80%-ը։
Գնդակը նույնիսկ որոշ դրվագներում հրաշքով չէր հայտնվում Դավիդ Սորիայի պաշտպանած դարպասում։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն «Ռեալի» կազմից կրկին հերոսացավ Ջուդ Բելինգհեմը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «արքայական» ակումբին։
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի շարքերը համալրելուց հետո Լա լիգայի շրջանակում անցկացրած 4 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» ծանր պայքարում հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 12 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Խետաֆեն», 4 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորխա-Մայորալ, Դավիդ Սորիա, Լա-լիգա, Խետաֆե, Խոսելու, Կառլո Անչելոտի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ