Բարսելոնան աշխատում է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի ուղղությամբ
«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
As-ը գրում է, որ «բլաուգրանան» վաղուց հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և այժմ աշխատում է նրա տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբը մտադիր է Մերինոյի տեղափոխության համար «Ռեալ Սոսիեդադին» առաջարկել 20 մլն եվրո։
Ինքը` ֆուտբոլիստը, դեմ չէ է տեղափոխվել «Բարսելոնա», եթե ակումբները համաձայնության հասնեն նրա տրանսֆերի շուրջ։ Մերինոյի տրանսֆերը կկայանա միայն «կապտանռնագույնների»` Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ու «Լայպցգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին տրանսֆերներն ավարտին հասցնելուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերինոյին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Լոնդոնի «Արսենալը»։
Միկել Մերինոն «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել 2018 թ. հուլիսին և բասկյան ակումբում 242 խաղում խփել է 27 գոլ, կատարել 30 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա Եվրո-2024-ում մասնակցեց բոլոր 7 խաղերին և 1/4 եզրափակիչում «ֆուրիա ռոխային» 119-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց Գերմանիայի դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Միկել Մերինո, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ