Այնտրախտն ու Բարսելոնան համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

Այնտրախտն ու Բարսելոնան համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

08/04/2022 - 00:52

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, Ֆերրան Տորեսը կարող էր առաջ մղել կատալոնական ակումբին, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Կևին Տրապը։

Որքան էլ զարմանալի է առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հանդիպումն անցնում էր «Այնտրախտի» ֆուտբոլիստների թելադրանքով, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ հարվածում։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաննորում։

Երկրորդ կեսը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ անկյունայինի խաղարկումից հետո Օլիվեր Գլասների սաները 48-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Անսգար Կնաուֆը։

«Բարսելոնան» տևական ժամանակ ոչ մի կերպ չէր կարողանում արձագանքել դաշտում կատարվող իրադարձություններին, սակայն «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հիանալի «կարդաց» խաղն ու փոփոխությունների միջոցով փոխեց հանդիպման ընթացքը։

66-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները պարզապես կատարյալ գրոհ զարգացրին, որն էլ եզրափակեց Ֆերրան Տորեսն ու հաշիվը դարձրեց 1:1։

78-րդ րոպեին ֆրանկֆուրտցիները մնացին 10 ֆուտբոլիստներով. Տուտան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։

Հյուրերը, ստանալով քանակական առավելություն, փորձեցին կորզել հաղթանակ, սակայն «Այնտրախտին» հաջողվեց պահպանել «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառվող հաշիվը։

Հանդիպումը, ի վերջո, ավարտվեց 1:1 հաշվով։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022