Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ադրբեջանցիներին🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրջանակում մրցեց Ադրբեջանի հավաքականի դեմ։
Հավելենք, որ այս հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում։
Այս խաղում կար բացահայտ ֆավորիտ, և գրեթե ողջ հանդիպումն անցավ Պորտուգալիայի հավաքականի տոտալ առավելությամբ, սակայն, չնայած այդ առավելությանը, Ֆերնանդու Սանտուշի սաներն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մեր ոչ բարով-խերով հարևանի դարպասը․ հանդիպման 38-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ ադրբեջանցիների ավագ Մաքսիմ Մեդվեդևը։
Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ արտահայտվել է նաև թվերի տեսքով։ Եվրոպայի գործող չեմպիոնները ողջ հանդիպման ընթացքում գնդակին տիրել են ժամանակի 68%-ը, կատարել են 29 հարված, որոնցից 15-ը եղել է դիպուկ, իրացրել են 10 անկյունային, ինչպես նաև անցկացրել են 122 վտանգավոր գրոհ։
Այս խմբի մյուս խաղում էլ Սերբիայի հավաքականը գոլառատ պայքարում 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։
Այսպիսով, A խմբում պորտուգալացիներն ու սերբերը մեկնարկային խաղից հետո վաստակեցին 3-ական միավոր, Ադրբեջանն ու Իռլանդիան միավորներ չունեն, իսկ Լյուքսեմբուրգի հավաքականը դեռևս չի սկսել պայքաը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ադրբեջանի հավաքական, Իռլանդիայի հավաքական, Մաքսիմ Մեդվեդև, Պորտուգալիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Ֆերնանդու Սանտուշ