Տեսադարան N9. Բրազիլիա – Գերմանիա?
Տեխնիկական խնդիրների պատճառով երեկ չկարողացանք ձեր ուշադրությանը ներկայացնել տեսադարանի հերթական շարքը, սակայն այսօր շարունակում ենք։
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հանդիպում, որը մտել է ոչ միայն աշխարհի առաջնությունների, այլև ֆուտբոլի ողջ պամտության մեջ։
2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ «պենտակամպիոնները» փորձեցին անել ամեն ինչ, որպեսզի սեփական երկրպագուների առջև նվաճեն բաղձալի գավաթը։ Առաջնության մեկնարկից առաջ էլ բրազիլացիները համարվում էին հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։ Այդ առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի առաջնորդում էր 2002 թվականի լեգենդար հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին, և բոլորը մեծ հույսեր էին կապում նրանց հետ, սակայն «դեղինները» լարվածությանն ամենակարևոր պահին չդիմացան։
Բրազիլիայի հավաքականը մինչև կիսաեզրափակիչ հասնելը ոչ այնքան վստահ, սակայն կարողանում էր առաջ շարժվել։ Գերմանիայի դեմ խաղից առաջ ճակատագրական եղավ Կոլումբիայի հավաքականի դեմ քառորդ եզրափակիչ հանդիպումը, երբ բրազիլացիներն այդ խաղում կորցրին իրենց երկու հիմնական առաջատարներին՝ Նեյմարին և Տիագո Սիլվային։ Նեյմարին ծանր վնասվածք հասցրեց Կամիլիո Սյունիգան, իսկ Սիլվան դեղին քարտերի պատճառով որակազրկվեց։
Գերմանացիներն էլ նախքան կիսաեզրափակիչ հանդիպումը, խաղ առ խաղ ավելացրին և Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում մոտեցան իրենց մարզավիճակի գագաթնակետում։ Յոհաքիմ Լյովի սաները վաղուց չէին նվաճել աշխարհի գավաթը և հասկանում էին՝ եթե ոչ հիմա, ապա հետագայում ավելի դժվար կլինի, քանի որ «ոսկե» սերունդն իր տարիքն առնում էր։ Գերմանիայի հավաքականն արեց անհնարինը՝ ջախջախելով մրցակցին։ «Բունդեսթիմը» տարավ աշխարհի առաջնությունների պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Դեռ որևէ հավաքական մունդիալների շրջանակում սեփական հարկի տակ նման հաշվով պարտություն չէր կրել։ Այդ հանդիպումը դեռ շա՜տ երկար կմնա ֆուտբոլի պատմության մեջ, իսկ մեր հիշողություններում դեռևս թարմ է։ Հաճելի դիտում։
# Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Տեսադարան