Ռանգնիկ. «Մարսիալը չէր ցանկանում խաղալ, այդ պատճառով էլ թիմի հետ չէր եկել Բիրմինգհեմ»
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Աստոն Վիլլային»` ձեռքից բաց թողնելով 2 գնդակի առավելությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։
Մանկունյական ակումբի կազմից հանդիպումը բաց է թողել հարձակվող Անտոնի Մարսիալը, ով նույնիսկ չի եղել «Յունայթեդի» հայտացուցակում։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին հարց է ուղղել, թե ինչու Մարսիալը հայտավորված չի եղել այդ հանդիպմանը.
«Մարսիալը չէր ցանկանում խաղալ, այդ պատճառով էլ թիմի հետ չէր եկել Բիրմինգհեմ»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հավելենք` արդեն կան տեղեկություններ, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Խոսակցություններ կային, որ Մարսիալին իր շարքերում է ցանկանում տեսնել «Սևիլիան», որը պատրաստ էր միայն վարձակալել ֆրանսիացի հարձակվողին, սակայն գործարքը դեռևս չի կայացել։
Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2015 թ. սեպտեմբերից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 268 հանդիպում` դառնալով 79 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ, Սևիլիա, տրանսֆերներ