Մեկ գնդակով՝ երկու նապաստակ! Բավարիայի 17-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ցուցանիշներ գրանցեց
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով ջախջախեց «Լացիոյին»։
Հանդիպման 24-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ով մեկ գնդակով միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել։
Ինչպես հայտնում է OptaFranz-ը, անգլիացի կիսապաշտպանը դարձել է «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Մուսիալան հանդիպման օրը եղել է 17 տարեկան և 363 օրական։
OptaJoe-ն գրում է, Մուսիալան դարձել է նաև ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին, ապա Մուսիալան դարձել է երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել հեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ-ում։
17-ամյա ֆուտբոլիստն իրենից առաջ թողեց միայն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչին, ով 2008 թվականի ապրիլի 1-ին «Շալկե-04»-ի դեմ քառորդ եզրափակչի խաղում գոլի հեղինակ է դարձել 17 տարեկան և 217 օրական հասակում։
Հավելենք, որ Ջամալ Մուսիալան ծնվել է Գերմանիայում՝ Շտուտգարտ քաղաքում, սակայն ունի ինչպես Գերմանիայի, այնպես էլ Անգլիայի քաղաքացիութուն։
Պատանի ֆուտբոլիստը հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ Մ-15, Մ-16, Մ-17։ Խաղացել է նաև Գերմանիայի Մ-16 տարեկանների հավաքականում՝ անցկացնելով 2 հանդիպում։
Այժմ Մուսիալան Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականում է հանդես գալիս։
Նշենք, որ Մուսիալան, չնայած ծնվել է Գերմանիայում, սակայն «Չելսիի» մարզադպրոցի սան է, որի համակարգում եղել է 2011-2019 թթ․, ինչից հետո տեղափոխվել է «Բավարիա», որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2019/20 մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ, տուրում՝ փոխարինման մտնելով «Ֆրայբուգրի» դեմ խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքական, Բավարիա, Բունդեսլիգա, Լացիո, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ջամալ Մուսիալա