Թրիլլեր Թուրինում!  Պորտուն 10 ֆուտբոլիստներով հրաշք գործեց՝ ձեռնունայն թողնելով Յուվեին 🎥

Թրիլլեր Թուրինում! Պորտուն 10 ֆուտբոլիստներով հրաշք գործեց՝ ձեռնունայն թողնելով Յուվեին 🎥

10/03/2021 - 02:40

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։

Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կայացած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր պորտուգալական ակումբը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Սերժիո Կոնսեյսաուի թիմը բավական ակտիվ մեկնարկեց, մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց «Յուվեի» դարպասի ուղղությամբ, և այդ ակտիվությունը 17-րդ րոպեին, ի վերջո, տվեց իր պտուղները։

Մերիհ Դեմիրալը սեփական տուգանային հրապարակում Մեհդի Թարեմիի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կյուրպեյրսը միանգամից նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Սերժի Օլիվեյրան՝ դիպուկ հարվածով բացելով խաղի հաշիվը։

Ընդհանրապես, «վիշապները» ողջ առաջին կեսում հիանալի տեսք ունեին և մրցակցին գրեթե որևէ հնարավորություն չտվեցին՝ խաղակեսը մոտեցնելով հաղթական ավարտին։

Երկրորդ խաղակեսում ամեն ինչ «Պորտուի» համար գլխիվայր շուռ եկավ, քանի որ նախ 49-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան հավասարեցրեց հաշիվը, ապա 54-րդ րոպեին պորտուգալական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով․ շատ արագ երկու անգամ դեղին քարտով պատժվեց մինչ այդ պահը խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Մեհդի Թարմեին՝ իր թիմին թողնելով ծանր վիճակում։

Ստանալով քանական առավելություն՝ «բյանկոներիները» վերջապես զգացին խաղի ռիթմը։ Անդրեա Պիռլոյի սաների գրոհները դառնում էին էլ ավելի վտանգավոր, և 63-րդ րոպեին դիմակայության հաշիվը հավասարվեց։

Խուան Կուադրադոյի՝ հարձակման աջ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո Ֆեդերիկո Կիեզան ևս մեկ գնդակ ուղարկեց Ավգուստին Մարչեսինի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1

Խփած երկրորդ գոլից հետո էլ «Յուվեի» ֆուտբոլիստները չէին դադարում ճնշել մրցակցին, քանի որ չէին ցանկանում, որ գործը հասնի լրացուցիչ ժամանակին, սակայն խաղավարտին մոտ թուրինյան ակումբի գրոհների տեմպը մի փոքր նվազեց։

Չնայած «ծեր սինյորան» ուներ առավելություն՝ «Պորտուի» ֆուտբոլիստները դիմացան այդ ճնշմանը․ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում էլ տանտերերն ունեին առավելություն, սակայն նրանց գրոհները չունեին այն նույն վտանգը, ինչ հանդիպման հիմնական ժամանակի երկրորդ խաղակեսում։

Խաղը սկսել էր ընթանալ «Պորտուի» ֆուտբոլիստների սցենարով, ովքեր անձնուրաց պաշտպանվում էին և ցանկանում էին խաղը հասցնել մինչև 11-մետրանոց հարվածաշար։

Դեռ ավելին՝ «Պորտուի» ֆուտբոլիստները հրաշք գործեցին։ 115-րդ րոպեին պորտուգալական ակումբը տուգանային հարվածի իրավունք վաստակեց․ գնդակին մոտեցավ Սերժիու Օլիվեյրան, ով պատի տակով վարպետորեն գնդակն ուղարկեց Վոյցեխ Շյեսնիի դարպասը։

Սակայն, սա դեռ վերջը չէր, քանի որ 117-րդ րոպեին «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հաշիվը դարձրին 3։2․ անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Ադրիեն Ռաբիոն։

Թուրինյան ակումբին պայքարը շարունակելու համար ևս մեկ գնդակ էր պետք, սակայն խաղավարտին մոտ Պիռլոյի սաները գրեթե ուժասպառ էին եղել և որևէ այլ բան չկարողացան առաջարկել «վիշապներին»։

Ճիշտ է՝ «Յուվեն» հաղթեց 3։2 հաշվով, սակայն պայքարը շարունակեց հենց «Պորտուն», քանի որ մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավել խփեց։ Դիմակայության ընդհանուր հաշիվը 4։4 ստացվեց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023