Մանչեսթեր Սիթին հիանալի դուրս եկավ խոր քնից?
Ավելի քան եռամյսա դադարից հետո վերսկսվեց նաև անգլիական Պրեմիեր լիգան։ Հունիսի 17-ին կայացան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ Նախ «Աստոն Վիլլան» չկարողացավ կոտրել «Շեֆիլդ Յունայթեդի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 արդյունքը։
Այդ խաղից հետո կայացավ նաև «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպման ողջ ընթացն անցավ «քաղաքաբնակների» լուրջ առավելությամբ, իսկ «Արսենալի» խաղը տպավորություն էր ստեղծում, թե «զինագործները» նախապատրաստական ընթացքում ոչ մի մարզում չեն անկցկացրել։
Լոնդոնյան ակումբն ակնհայտ վատ ֆիզիկական վիճակում էր, ինչն էլ հանգեցրեց, որ 24-րդ րոպեին Միկել Արտետան ստիպված էր կատարել արդեն երկրորդ փոփոխությունը։ Նախ 8-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Գրանիտ Ջական, իսկ 24-րդ րոպեին՝ Պաբլո Մարին։
Պաբլո Մարիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դավիդ Լուիսը, ինչ էլ ճակատագրական եղավ «Արսենալի» համար։ Ընդմջման գնալուց առաջ «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ 45+2-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի աջ եզրից կատարած փոխանցումից հետո բրազիլացի պաշտպանն անչափ անհաջող խաղաց, ինչի արդյունքում Ռահիմ Սթերլինգը հայտնվեց նպաստավոր դիրքում՝ բացելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում «Սիթիի» ֆուտբոլիստները կատարելապես ոչնչացրին մրցացկցին։ Խաղի անհաջողակի իր տիտղոսը 49-րդ րոպեին հաստատեց Դավիդ Լուիսը, երբ տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում թույլ տվեց Ռիյադ Մարեզի նկատմամբ՝ հեռացվելով խաղադաշտից։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Կևին դե Բրոյնեն։
Հանդիպման մնացած հատվածում էլ «Մանչեսթեր Սիթին» ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն Բերնդ Լենոն դարձավ անթիվ-անհամար սեյվերի հեղինակ։
Հանդիպման 81-րդ րոպեին «Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պարզ խաղային իրավիճակում ծանր վնասվածք հասցրեց իր խաղընկեր Էրիկ Գարսիային, ինչի պատճառովը խաղը կանգնել էր մոտ 10 րոպե։
Մրցավարը ավելացրեց 11 րոպե, որի հենց առաջին րոպեին «Սիթիի» կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ձևակերպեցի խաղի վերջնահաշիվը։ Սերխիո Ագուերոն «պատ» խաղարկեց Սթերլինգի հետ, դուրս եկավ մեն-մենակ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, իսկ վրա հասած Ֆիլ Ֆոդենը այն ուղարկեց դարպասը։
Այսպսիով, «Սիթիի» ֆուտբոլիստները վաստակեցին 60 միավոր՝ ամրապնդվելով երկրորդ հորիզոնականում, իսկ «Արսենալը» 40 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։
# ԱՊԼ, Արսենալ, Դավիդ Լուիս, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Ֆիլ Ֆոդեն