Ման. Սիթին ռեկորդային տրանսֆեր է ավարտին հասցրել
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» «ցլերին» վճարելու են 90 մլն եվրո։
Այդ գումարը չի ներառելու որևէ հավելավճար. գերմանական ակումբն այն ստանալու է միանվագ։
Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերն ավարտին հասցնելու համար ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Ռոմանոն հաստատում է նաև, որ խորվաթ ֆուտբոլիստն օգոստոսի 4-ին բուժզննում կանցնի մանկունյական ակումբի համար և կստորագրի դեռևս ամիսներ առաջ համաձայնեցված պայմանագիրը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրային հայտնի է դարձել, որ 21-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 10 մլն եվրո։
Նշենք, որ Յոշկո Գվարդիոլը դառնալու է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը և կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հարի Մագուայերի ռեկորդը, ում տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաները» 2019 թ. օգոստոսին «Լեսթերին» վճարել են 87 մլն եվրո։
Ավելացնենք, որ Յոշկո Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 87 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո