Մխիթարյանն այսօր բուժզննում է անցել
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, մարտի 29-ին բուժզննում է անցել։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, մարտի 29-ի առավոտյան հայազգի ֆուտբոլիստին նկատել են Villa Stuar բժշկական կենտրոնում, որտեղ նա բուժզննում է անցել, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե երբ Մխիթարյանը պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերի» ղեկավարությունը հույս ունի, որ հայազգի ֆուտբոլիստը կապաքինվի մինչև Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Այաքսի» դեմ առաջին հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 8-ին Ամստերդամում։
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել մարտի 11-ին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Դոնեցկի «Շախտյորի» (3։0) դեմ առաջին խաղում՝ փոխարինվելով հանդիպման 35-րդ րոպեին։
Հետագայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն տարածեց, որ հռոմեական ակումբից պաշտոնական գրություն է ստացել՝ հայտնելով, որ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով կբացակայի 3-4 շաբաթ։ Այդ վնասվածքի պատճառով Հենոն բաց է թողնում Հայաստանի հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումները։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ մարտի 28-ին Երևանում 2։0 հաշվով՝ Իսլանդիայի հավաքականին։
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Այաքս, Եվրոպա-լիգա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, ՀՖՖ, Շախտյոր, Ռոմա