Ռոման ապացուցեց իր բարձր կարգը․ Շախտյորը քանդվեց🎥

Ռոման ապացուցեց իր բարձր կարգը․ Շախտյորը քանդվեց🎥

12/03/2021 - 01:52

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հռոմեական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով փորձեց աչքի ընկնել Գոնսալո Վիլյարը, սակայն նրա հարվածից հետո «Շախտյորին» փրկեց դարպասապահ Անատոլի Տրուբինը։

Ամեն դեպքում, 23-րդ րոպեին, Պաուլու Ֆոնսեկայի թիմը բացեց խաղի հաշիվը․ Պեդրոն հարվածային դիրք դուրս բերեց Լորենցո Պելեգրինիին, ով էլ դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1։0։

28-րդ րոպեին Ժունիոր Մորաեսը կարող էր մեկ գնդակ հետ բերել «հանքափորների» համար, սակայն բրազիլական արմատներով ուկրաինացի հարձկավողի հարվածից հետո Պաու Լոպեսը փրկեց «Ռոմային»։

31-րդ րոպեին մոտ էր աչքի ընկնելուն Հենրիխ Մխիթարյանը։ «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինն իր տեղից անհաշվենկատ դուրս եկավ և հեռացրեց գնդակը սեփական տուգանայաին հրապարակի մատույցներից, ինչից հետո այն հայտնվեց Հենոյի մոտ, ով էլ փորձեց հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն հարվածը մի փոքր բարձր ստացվեց։

Ցավոք, այդ հարվածի դրվագում Մխիթարյանը վնասվածք ստացավ և, ի վերջո, 35-րդ րոպեին խաղադաշտում իր տեղը զիջեց Բորխա Մայորալին։

Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Ռոմայի»՝ մեկ գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսն ակտիվ էին մեկնարկել արդեն Լուիս Կաշտրուի սաները, որոնք փորձում էին հավասարեցնել հաշիվը՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, սակայն որոշ դրվագներում «գայլերի» դարպասապահ Պաու Լոպեսն իր թիմին պարզապես փրկեց վերահաս գոլից։

Ուկրաինական ակումբը չօգտագործեց իր գոլային պահերն, ինչի պատճառով պաժտվեց, քանի որ հռոմեական ակումբը շատ կարճ ժամանակահատվածում երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։

Նախ 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ստեֆան Էլ Շարավին հարձակման ձախ եզրով անցում ձեռնարկեց և հաշիվը դարձրեց 2։0, ապա 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ջանլուկա Մանչինին հաշիվը «Շախտյորի» համար դարձրեց արդեն ջախջախիչ։

Բաց թողած երրորդ գոլը, կարծես, վերջնականապես կոտրեց «հանքափորներին», որոնց խաղն այլևս ընդհանրապես չստացվեց, իսկ «Ռոմայի» ֆուտբոլիստները պահպանեցին ձեռքբերված առավելությունը՝ խաղը մոտեցնելով հաղթական ավարտի։

Այսպիսով, «Ռոման» 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ և պատասխան խաղից առաջ անչափ լուրջ առավելություն է ստանում։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով 21։55-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023