Սկիլաչի․ «Սա Ռոնալդուի վերջին տարին է Յուվենտուսում»
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին կիսվել է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին իր տպավորություններով․
«Ես կարծում եմ՝ սա Ռոնալդուի վերջին տարին է «Յուվեի» կազմում։ Չգիտեմ՝ արդյոք «Յուվենտուսը» նրան կառաջարկի նոր պայմանագիր, թե՝ ոչ, սակայն վստահ եմ, որ Ռոնալդուին հաստատ երկար ժամանակ պետք չի գա՝ նոր ակումբ գտնելու համար։
Քննադատության այն ալիքը, որը հնչեց նրա հասցեին Չեմպիոնների լիգայից դուրս մնալուպատճառով, չափազանցված էր։ Նա աշխարհի լավագույն հարձակվողն է, սակայն նրա մոտ էլ կարող է վատ հանդիպում ստացվել։ Հավանաբար «Յուվեն» թերագնահատեց իր մրցակցին»,- ասել է իտալացի նախկին ֆուտբոլիստը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» «Պորտուի» դեմ ընդհանուր դիմակայությունում պարտվեց պորտուգալական ակումբին՝ լքելով մրցաշարը։ Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 4։4 հաշիվ, սակայն մրցակցի հարկի տակ խփած ավել գնդակի շնորհիվ, ՉԼ-ի քառորդ եզրափակչում կխաղա հենց «Պորտուն»։
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ռոնալդուն մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Սալվատորե Սկիլաչին «բյանկոներիների» կազմում հանդես է եկել 1989-1992 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 132 հանդիպում՝ դառնալով 36 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Սալվատորե Սկիլաչի