Լապորտան Խավիին արգելել է հանգստի հնարավորություն տալ Բարսայի մի շարք առաջատար ֆուտբոլիստների
«Բարսելոնային» մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատում են, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ստիպել է գլխավոր մարզիչ Խավիին փոխել «բլաուգրանայի»` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրում «Անտվերպենի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման հայտացուցակը։
Մասնավորապես, Mundo Deportivo-ն հայտնում է, որ Խավին ցանկացել է հանգստի հնարավորություն տալ Ռոբերտ Լևանդովսկուն, Ռոնալդ Արաուխոյին և Իլկայ Գյունդողանին, ովքեր վերջին շրջանում գրեթե առանց փոխարինվելու մասնակցել են «կապտնանռնագույնների» հանդիպումներին։
Չնայած Խավիի դիրքորոշմանը` այդ ֆուտբոլիստները թիմի հետ մեկնել են Բելգիա։
Աղբյուրի փոխանցմամբ` Լա լիգայի 16-րդ տուրում «Ժիրոնայից» 2:4 հաշվով կրած ցավալի պարտությունից հետո Լապորտան Խավիին արգելել է այդ ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն տալ։
Լապորտայի` նման որոշում կայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ եթե «Բարսելոնան» հաղթի «Անտվերպենին», ըստ ՈՒԵՖԱ-ի սահմանած պարգևավճարների, կատալոնական ակումբը կստանա հավելյալ 2,8 մլն եվրո։
Հատկանշական է, որ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Լևանդովսկուն, Գյունդողանին և Արաուխոյին հայտացուցակում ընդգրկելու փաստը Խավին բացատրեց, որ ակումբն «Անտվերպենի» դեմ հանդիպումից հետո գիշերելու է Բելգիայում, իսկ մարզչական շտաբը չի ցանկանում, որ վերոնշյալ ֆուտբոլիստները կորցնեն խաղային ռիթմը։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնան» անցկացրած 5 խաղից հետո վաստակել է 12 միավոր և արդեն ապահովել է տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
Հավելենք, որ «Անտվերպեն» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 00:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Բարսելոնա, Ժիրոնա, Ժոան Լապորտա, Իլկայ Գյունդողան, Լա-լիգա, Խավի, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոնալդ Արաուխո