Եվրոպա լիգայի մենաշնորհ․ Սևիլիան հերթական անգամ նվաճեց ԵԼ գավաթը🎥
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում իսկական ներկայացում մեզ պարգևեցին «Սևիլիան» և «Ինտերը»։
Խաղի հաշիվը բացվեց շատ արագ։ Արդեն 2-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել հարձակման ձախ եզրում, որի խաղարկումից հետո միլանյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելան հարվածային դիրք դուրս բերեց Ռոմելու Լուկակուին։ Դիեգո Կառլոսը միայն խախտման գնով կասեցրեց բելգիացուն։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացեց հենց տուժող։
Անդալուսական ակումբը չընկճվեց և ոչ միայն հավասարեցրեց , այլև առաջ անցավ հաշվի մեջ։ 12-րդ և 33-րդ րոպեներին Լյուկ դե Յոնգը նախ եզրափակեց Խեսուս Նավասի , ապա նաև Էվեր Բանեգայի փոխանցումը։ Երկու դեպքում էլ հոլանդացի գոլահարը աչքի ընկավ գլխով կատարած դիպուկ հարվածով։
36-րդ րոպեին Դիեգո Գոդինը պատասխանեց գլխի իր դիպուկ հարվածով՝ եզրափակելով Մարսելո Բրոզովիչի փոխանցումը։
Հանդիպման երկրորդ խաղակեսն ավելի հավասար պայքարում անցավ, իսկ խաղը հանգստացավ, բայց «Սևիլիան» մասամբ խաղի ընթացքը պահում էր իր ձեռքում, ինչի արդյունքում էլ 74-րդ րոպեին կարողացավ հերթական անգամ հաշվի մեջ առաջ անցնել։ «Սևիլիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Էվեր Բանեգայի փոխանցումից հետո «Ինտերի» ֆուտբոլիստներն անհաջող հեռացրին գնդակը, ինչից հետո անդալուսական ակումբի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը որոշեց շրջադարձ հարված կատարել, ինչի արդյունքում հաշիվը դարձրեց 3։2՝ առաջ մղելով իր թիմին։ Հավելենք, որ այդ դրվագում Ռոմելու Լուկակուն մի փոքր օգնեց Կառլոսին, սակայն գնդակը, միևնույնն է, ընթանում էր դարպասը։
Խաղի վերջնամասում «Ինտերը» նետվեց առաջ՝ խաղը փրկելու, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց փրկել խաղը։
Այսպիսով, «Սևիլիան» շարունակում է մենաշնորհը պահպանել Եվրոպա լիգայի շրջանակում՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
# Դիեգո Կառլոս, Դիեգո-Գոդին, Եվրոպա-լիգա, Ինտեր, Լյուկ դե Յոնգ, Ռոմելու-Լուկակու, Սևիլիա