Դրամա Սևիլիայում. Բետիսը 17 տարի անց վերադարձավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բետիսը» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բետիսը» հաղթել էր 2:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն հիմնականում անցավ անդալուսական ակումբի շոշափելի առավելության պայմաններում, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։
«Ռայո Վալեկանոն», որը գործնականում ողջ հանդիպման ընթացքում ոչնչով աչքի չէր ընկել, 80-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, առաջ անցավ հաշվի մեջ. տուգանայինից կատարած ուղիղ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Բեբեն։
Թվում էր` Մանուել Պելեգրինիի թիմն այլևս ժամանակ չի ունենա խաղը փրկելու համար, իսկ հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 90+2-րդ «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը թաղեց պայքարի մեջ մնալու «Ռայոյի» բոլոր հույսերն ու հավասարեցրեց հաշիվը։
Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այսպիսով, «Բետիսը» 2005 թ. ի վեր առաջին անգամ նվաճեց Իսպանիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում ապրիլի 23-ին` Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում կմրցի «Վալենսիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am