Բարսելոնան պաշտոնական մակարդակով կոչ է արել Լա լիգայի նախագահին հրաժարական տալ
«Բարսելոնայի» և Լա լիգայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։
Diario Sport-ը, հղում կատարելով La Vanguardia-ին, հայտնում է, որ, այդ գործի շրջանակում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազություն։
Աղբյուրի փոխանցմամբ` Լա Լիգայի նախագահը սույն թվականի փետրվարին նամակ է ուղարկել դատախազին՝ մեղադրելով «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին՝ հիմնվելով ակումբի նախկին տնօրեն Խոսեպ Կոնտրերասի տանը հայտնաբերված ձեռագիր փաստաթղթի հիման վրա։ Վերջինս այժմ մահացած է։
Այդուհանդերձ, այդ փաստաթուղթը վերաբերում է մեկ այլ դեպքի՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆինանսական միջոցների չարաշահմանը։
Փաստաթղթում առկա անունները Տեբասը կապել է «Բարսելոնայի» նախկին նախագահների կողմից Խոսեպ Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների հետ։
Իրավիճակը պարզաբանել է Կոնտրերասների ընտանիքը՝ հայտնելով, որ փաստաթուղթը գրվել է 20 տարի առաջ, իսկ դրանում նշված անունները կապված չեն «Բարսելոնայի» նախկին ղեկավարների և մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահի հետ։
Փաստաթղթում նշված է Կոնտրերասին պատկանած ընկերության նախկին հաշվապահ Ռամոն Ռոսելի և բանկի աշխատակից Խոսե Մարիայի անունները։
Ինքը` Տեբասը, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և հայտնել, որ այդ փաստաթուղթը կեղծ չէ։
Բացի այդ, նա նշել է, որ Լա լիգան դրանով չի ցանկացել որևէ մեկին մեղադրել։
Սակայն, ստեղծված իրավիճակը խիստ զայրացրել է «Բարսելոնային», որը պաշտոնական մակարդակով կոչ է արել Խավիեր Տեբասին հրաժարական տալ.
«Հաշվի առնելով La Vanguardia-ի հայտնված տեղեկատվության լրջությունը, որում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշվում է որպես այն անձը, ով կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազություն՝ մեր ակումբին մեղադրանք առաջադրելու համար, «Բարսելոնան» ցանկանում է արտահայտել իր խորը զայրույթը. վրդովմունքը և զզվանքը։
Ստեղծված իրավիճակում մենք Լա լիգայի նախագահին հորդորում ենք, Twitter-ում կատարված գրառման հետ կապված, տալ հրապարակավ բացատրություն։
«Բարսելոնան», ինչպես նախագահ Ժոան Լապորտան է ասել անցնող շաբաթներին, իրեն զգում է ԶԼՄ-ների դատասատանի զոհ՝ կապված իրադարձությունների հետ, որոնք երբեք չեն եղել. «Բարսան» երբեք չի կաշառել մրցավարներին:
Մի քանի լրատվամիջոցներ և կարծիքի ստեղծնողներ, քիչ թե շատ վատ մտադրություններով, ներգրավվել են այս հալածանքների մեջ, և Լա Լիգան կրակ է բացել մեր ակումբի դեմ կուլիսներում, ու նրա նախագահի նպատակը միայն այն է, որ հասարակության աչքի առջև մեզ դատապարտեն նախքան գործը կհասնի դատարան։
Սա առաջին դեպքը չէ, երբ Լա Լիգայի նախագահը օգտագործում է իր բոլոր լծակները՝ փորձելով տապալել «Բարսելոնային», սակայն բացի իր սովորական անհեթեթություններից, մենք երբեք չէինք պատկերացնի, որ նա կփորձի կեղծ ապացույցներով մեղադրել մեր ակումբին։
La Vanguardia-ի հրապարակած լուրն այնքան լուրջ է, որ պետք է զգուշացնի Լա Լիգայի բոլոր ակումբներին այն պրակտիկայի պատճառով, որը չի տեղավորվում նրա նախագահին վստահված գործառույթների շրջանակում:
Միայն այդ փաստի, այն է՝ իր պաշտոնին չհամապատասխանող գործառույթների, ինչպես նաև Լա Լիգայի նախագահության կողմից ակումբների նկատմամբ արժանապատվության և հարգանքի բացակայության պատճառով, պարոն Տեբասը պետք է հրաժարական տա և հեռանա պաշտոնից։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով «Բարսելոնային» հետապնդելու նրա մոլուցքը և մեր ակումբի հանդեպ նրա մշտական հակակրանքը` մենք հասկանում ենք, որ Լա Լիգայի ներկայիս նախագահը չի փոխի իր վարքագիծը և կշարունակի վնասել մեր ակումբին», – նշվում է «Բարսելոնայի» պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ սկանդալի մեջ է հայտնվել։ Հավաստի տեղեկություններ կան, որ ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատականում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Այժմ այդ գործը դատարանում է, որը քննում է Կատալոնիայի դատախազությունը։ Մեղադրանք է առաջադրված «բլաուգրանայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլային պաշտոնյաների, այդ թվում նաև` Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Dansil 95, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Սանդրո Ռոսել