Բարսելոնայի երկրպագուները պատրաստվում են բոյկոտել Կադիսի դեմ տնային հանդիպումը
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Կադիսի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի երկրպագուների ակտիվ խմբավորումներից «La Grada de Animación»-ը պատրաստվում է բոյկոտել այդ հանդիպումը և չայցելել «Նոու Կամպ» մարզադաշտ` կապված Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Այնտրախտի» դեմ կայացած խաղի (2:3) ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Հայտնի է, որ «Նոու Կամպ» մարզադաշտում այդ հանդիպմանը ներկա են եղել 20-30 հազար «Այնտրախտի» երկրպագուներ, ովքեր, ըստ «Բարսելոնայի» ղեկավարության, անհասկանալի կերպով են հայտնվել այնտեղ։
Իրենց հայտարարության մեջ «La Grada de Animación»-ի անդամները դատապարտել են «ազատ տեղերի համակարգի այլասերումը», ինչը թույլ է տալիս տարեկան աբոնեմենտների սեփականատերերին վաճառել իրենց տոմսերը երրորդ կողմին, ինչի հետևանքով էլ զբոսաշրջիկները և հյուրընկալվող թիմի երկրպագուներն օրինական ճանապարհով մուտք են գործել մարզադաշտ։
Ավելի վաղ «բլաուգրանայի» երկրպագուների մեկ այլ խմբավորում` «PB Nostra Ensenya»-ն, հայտարարել էր, որ կատարվածի առթիվ պատրաստվում է բողոքի ցույց անցկացնել «Բարսելոնայի» ղեկավարության դեմ։
Այդ խմբավորումն էլ կատարվածը որակել էր որպես «մեծագույն նվաստացում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Լա-լիգա, Կադիս