Ատալանտան ու Լացիոն թրիլլեր էին պատրաստել․ բերգամոսցիները բնավորություն են ցույց տալիս🎥
Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի հերթական դիմակայության շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։
Կողմերն անչափ հետաքրքիր ու, ինչ-որ տեղ, թրիլլերային հանդիպում անցկացրին Բերգամոյում։
Միայն առաջին խաղակեսում երկու ակումբները երկուական գնդակով փոխանակվեցին։ Նախ 7-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց Բերատ Ջիմսիթին, ապա 17-րդ րոպեին Վեդադ Մուրիքին վերականգնեց հաշվի հավասարկշռությունը։
34-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին առաջ մղեց արդեն «արծիվներին», սակայն, նախքան ընդմիջման գնալը՝ 37-րդ րոպեին, Ռուսլան Մալինսովկսին լուսատախտակին վառեց 2։2 հաշիվը։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի հետաքրքիր պայքարում անցավ։ 53-րդ րոպեին Ջանպիերո Գասպերինիի սաները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ խաղադաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Խոսե Պալամինոն։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով բերգամոսցիները կարողացան հաշվի մեջ կրկին առաջ ացնել․ 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Միրանչուկը։
65-րդ րոպեին էլ «Ատալանտայի» ֆուտբոլիստները կարող էին էլ ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն Դուվան Սապատան չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածը։
Խաղավարտին մոտ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրել էին իրենց ձեռքը, գնդակին ավելի շատ էին տիրում, սակայն նրանց չհաջողվեց խփել փրկության գնդակ, որը թույլ կտար հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Այսպիսով, «Ատալանտան» դրամատիկ պայքարում հաղթեց 3։2 հաշվով և Իտալիայի գավաթի շրջանակում պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում, որտեղ կմրցի «Նապոլի» – «Սպեցիա» դիմակայության հաղթողի դեմ։
# Coppa Italia, Ալեքսեյ Միրանչուկ, Ատալանտա, Բերատ Ջիմսիթի, Դուվան Սապատա, Լացիո, Խոսե Պալամինո, Նապոլի, Ջանպիերո Գասպերինի, Ռուսլան Մալինովսկի, Սիմոնե Ինձզագի, Սպեցիա, Վեդադ Մուրիքի, Ֆրանչեսկո Աչերբի