Անչելոտի. «Արդյունքն իսկական վարձատրություն չդարձավ Ռեալի լավ խաղի դիմաց»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Լավ տպավորություններ ունեմ։ Մենք պայքարեցինք և շատ լավ խաղացինք, սակայն արդյունքն իրական վարձատրություն չտադարձավ «Ռեալի» լավ խաղի դիմաց։
Այս դիմակայությունը պայքարը շարունակվելու է մինչև վերջին րոպեն։
Առաջին 30 րոպեների ընթացքում «Սիթին» առավելություն ուներ, սակայն մենք չէինք անհանգստանում։ Մենք լավ էինք դիրքավորվել պաշտպանությունում և հարմար պահի էինք սպասում` հակագրոհելու համար։
Երկրորդ խաղակեսում մեզ ավելի լավ էր հաջողվում սկսել գրոհները սեփական կիսադաշտից, և այս խաղը կարելի էր հաղթել։
Անտոնիո Ռյուդիգերն անչափ փորձառու և հզոր ֆուտբոլիստ է. նա հիանալի խաղաց պաշտպանությունում, ինչը հեշտ չէր։ Երբեմն նա պրեսինգի է դիմում, երբ դա չեն անում կիսապաշտպանները։
Մրցավարն այնքան էլ ուշադիր չէր և չտեսավ, որ մեր բաց թողած գոլից առաջ գնդակը հատել էր եզրային գիծը։
Թե՛ մենք և թե՛ «Սիթին» կարծում ենք, որ լավ արդյունքի ենք հասել։ Հաջորդիվ արտագնա հանդիպում ենք անցկացնելու, որտեղ մեր երկրպագուները չեն լինելու, սակայն նրանք կլինեն մեր սրտում»,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ