Դրամա Ամստերդամում․ Ռոման պատժեց Այաքսին🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Ճիշտ է՝ հանդիպման մեկնարկում հոլանդական ակումբի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն «Ռոմայի» գրոհներն ավելի վտանգավոր էին։
Նախ 11-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Էդին Ջեկոն, ապա 17-րդ րոպեին՝ Բրայան Քրիստանտեն, սակայն բոսնիացի հարձակվողի հարվածը շեղ ստացվեց, իսկ Քրիստանտեի հարվածից հետո «Այաքսին» փրկեց դարպասապահ Կյել Սխերպենը։
Ամեն դեպքում, «Այաքսի» ֆուտբոլիստները սկսեցին խաղային առավելություն ստանալ, ինչի արդյունքում 39-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դևի Կլասենը՝ եզրափակելով Դուշան Տադիչի փոխանցումը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ «Այաքսի» ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը։
Տանտերերը 53-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Դուշան Տադիչի հարվածից հետո հիանալի խաղաց հռոմեական ակումբի դարպասապահ Պաու Լոպեսը՝ փրկելով իր թիմին։
Լոպեսի սեյվից հետո Պաուլու Ֆոնսեկայի սաները նետվեցին հակագրոհի և նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Լորենցո Պելեգրինին, ում հարվածից հետո 21-ամյա դարպասապահ Կյել Սխերպենը մանկական սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց ցանցում։
Բաց թողած գոլից հետո «Այաքսը» նետվեց առաջ՝ հաղթանակ կորզելու։ Էրիկ Տեն Հագի սաները տոտալ առավելություն ունեին, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ փայլում էր «գայլերի» դարպասապահ Պաու Լոպեսը։ Նպաստավոր դիրքերից երկուական անգամ վրիպեցին Բրայան Բրոբեյը, Էնթոնին, Դուշան Տադիչը։
Խաղավարտին մոտ էլ «Այաքսի» ֆուտբոլիստները շարունակում էին մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել հաղթական գնդակը։
Դեռ ավելին՝ «Ռոմայի» ֆուտբոլիստները պատժեցին մրցակցին և հաղթանակ կարզեցին։ Անկյունայինի խաղարկումից հետո 87-րդ րոպեին Ռոջեր Իբանյեսն առաջ մղեց «գայլերին»՝ հաշիվը դարձնելով 1։2։
Այդ գոլը կոտրեց «Այաքսի» ֆուտբոլիստներին, ովքեր խաղավարտին մոտ այլևս ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին։
Այսպիսով, «Ռոման» դրամատիկ պայքարում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Այաքսի» նկատմամբ՝ պատասխան խաղից առաջ ստանալով բավական հարմարավետ առավելություն։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Դուշան Տադիչ, Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Լորենցո Պելեգրինի, Կլա, Կյել Սխերպեն, Պաու Լոպես, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Ռոջեր Իբանյես