ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N2

ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N2

09/12/2022 - 17:20

Շարունակում ենք անդրադառնալ ԱԱ-2022-ին և ներկայացնում են 1/8 եզրափակիչների վերլուծության երկրորդ մասը։

ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N1

Խորվաթիա 1:1 (11 մ – 3:1) Ճապոնիա

Ճապոնիայի հավաքականը, խմբում հրաշալի արդյունք գրանցելով, դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ «Սամուրայները» զբաղեցրին առաջին հորիզոնականը այնպիսի խմբում, որտեղ պայքարում էին Իսպանիան ու Գերմանիան, սակայն վերջին տուրի խաղում, հաղթելով Իսպանիային, նրանք «բունդեսմանշաֆթին» դուրս թողեցին պայքարին և առաջին տեղով դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Խորվաթիայի ընտրանին էլ վատ հանդես չեկավ խմբային փուլում, սակայն կարող էր էլ ավելի լավ խաղալ։ Նրանք խմբում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը`հետ մնալով մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկից` Մարոկկոյից։

Ճապոնիայի հավաքականն այս անգամ շեշտը դրել էր ավելի հավասարակշիռ խաղի վրա։ Թիմը դաշտ էր դուրս եկել այլ մարտավարությամբ, սակայն խաղի ընթացքում շատ հաճախ դիմում էին տակտիկական փոփոխությունների` խաղալով 4-5-1 դասավորությամբ կամ 4-4-2-ով։

Ճապոնիան հասկանում էր, որ բարձր պրեսինգով չի կարող դիմակայել խորվաթական կիսապաշտպանությանը ու հիմնականում փորձում էր փակել հենց նրանց գոտիները` թույլ չտալով Խորվաթիայի «ուղեղներին» արագ ու իրենց համար ցավալի որոշումներ կայացնել։

Հաջիմե Մորիյասուն նախընտրում էր օդային փոխանցումներով խաղը, որը բավական լավ էր ստացվում։ Ճապոնիան ավելի վստահ սկսեց գործել այն ժամանակ, երբ թիմը գոլ խփեց։ Գոլը խաղի սկզբնամասում եղավ, որը մեծապես օգնեց ծագող արևի երկրին այսպիսի ֆուտբոլ խաղալ։ Նրանք կարողանում էին արագ փակել ու փոխլրացնել միմյանց, հակագրոհները արագ էին ստացվում ու մի քանի փոխանցումներով։


Խորվաթիայի ընտրանին որդեգրել էր իր ավանդական խաղային ոճը։ Նրանք փորձում էին խաղադաշտի կենտրոնում առավելություն ունենալ և հենց դրա շնորհիվ էլ հաղթել խաղը։ «Շախմատայինները» հաճելիորեն զարմացրին այն առումով, որ թիմը հստակ առաջադրանք էր լուծում խաղի որոշ փուլերում։ Օրինակ, գոլից հետո Խորվաթիան չնետվեց միանգամից առաջ, նրանք քայլ առ քայլ փորձեցին մեծացնել ճնշումը, ու գոլը չուշացավ։ Երկրորդ կեսի սկզբնամասում խորվաթները հավասարեցրին խաղի հաշիվն ու այստեղ խաղի տրամաբանությունը փոխվեց, ինչից հետո Ճապոնիան սկսեց «զսպող» ֆուտբոլ խաղալ։

Երկրորդ խաղակեսում շատ ավելի հավասար պայքար ծալավեց։ Երկու կողմերն էլ հասկանում էին խաղի կարևորությունն ու գինը։ Խորվաթիան երկրորդ կեսի միջնամասում փորձեց ակտիվանալ, սակայն Հաջիմե Մորիյասուի սաները շատ համակարգված էին պաշտպանվում։ Խորվաթները թերանում էին մրցակցի հակագրոհների ժամանակ։

«Սամուրայները» համարձակ հակագրոհների էին դիմում։ Նրանք դաշտի կենտրոնում սրընթաց գնում էին առաջ ու մի քանի անգամ նման հնարավորություն ունեցան,որոնք չկարողացան օգտագործել։

Երկու թիմերն էլ փոփոխություններ արեցին, որը փաստում էր այն, որ թիմերը գնում են լրացուցիչ ժամանակի։ Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում ռիսկի դիմել։

Լրացուցիչ ժամանակում առավելություն մեկին տալը սխալ կլինի։ Թիմերը զգույշ էին գործում և տրամադրվում էին 11-մետրանոցների։

11-մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է, որի ընթացքում խորվաթներն ավելի արդյունավետ եղան, իսկ այն, թե ինչպես հարվածեցին «սամուրայները» հարցի մյուս կողմն է. ճապոնացիները հոգեբանորեն պատրաստ չէին այդ հարվաշարին։

Ցավոք, Գերմանիային ու Իսպանիային հաղթած հավաքականը պայքարը լքեց նման անփառունակ կերպով, իսկ խորվաթներն իրենց սիրելի ձևով շարունակեցին հետագա պայքարը։

Բրազիլիա 4:1 Հարավային Կորեա

Խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիան նվազագույն` 0:1 հաշվով զիջեց Կամերունին, սակայն անկախ այդ պարտությունից, Տիտեի թիմը մնաց առաջին հորիզոնականում, ինչը նշանակում էր, որ նրանք մրցելու են H խմբում անակնկալ մատուցած ընտրանու` Հարավային Կորեայի դեմ։

Կորեացիները պայքարից դուրս էին թողել Ուրուգվային ու Գանային` Պորտուգալիայի հետ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Տիտեն կորեացիների դեմ խաղում իր մշտական խաղային մարտավարությունն էր ընտրել` 4-1-2-3-ը: Եզրային հարձակվողների արագ ֆուտբոլը Տիտեն համատեղել էր դաշտի կենտրոնի «ուղեղի» հետ և փորձում էր շատ արագ հասնել արդյունքի։ Խաղի սկիզբն էլ ցույց տվեց, որ Բրազիլիան ուղղակի խրախճանք է կազմակերպել։ Այս խաղի մասին վերլուծելուց գրեթե ոչինչ չկա ասելու, սակայն տակտիկական մի քանի նորամուծություններ փորձեց Տիտեն։

Բրազիլիայի ընտրանու ենթահարձակվողները`Նեյմարը և Լուկաս Պակետան, դիրքային գրոհների ժամանակ կիսաեզրում էին հայտնվում` թույլ տալով Վինիսիուսին և Ռաֆինյային շատ ավելի ազատ ու անկաշկանդ գործել։

Դաշտի կենտրոնական մասում, որը հարավկորեացիները կարծում էին կլինի Բրազիլիայի հիմնական հարվածային ուժը, «պենտակամպեոնները» նախապատվություն տվեցին եզրերին։ Երբ Նեյմարը կամ Պակետան կիսաեզրում արագանում էին, միանգամից մի քանի ֆուտբոլիստ սկսում էր «հետապնդել» նրանց. սա տարածություն էր բացում եզրային հարձակվողների համար։

Առաջին խաղակեսում Բրազիլիան դասագրքային ֆուտբոլ խաղաց։ Մրցակիցը կարգով թույլ էր, սակայն «պենտակապմեոնների» խաղը շատ վտանգավոր կարող է լինել ցանկացած մրցակցի համար։

Բրազիլիան առաջին կեսում 4 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և բավարարվեց այդքանով։

Երկրորդ խաղակեսում Բրազիլիան նույն ֆուտբոլը ցույց տվեց, սակայն ավելի հանգիստ պայմաններում։

Կորեացիներն էլ, հասկանալով, որ խաղը այլևս փրկել հնարավոր չէ, պարզապես փորձեցին երկրորդը կեսում որևէ արդյունք գրանցել, և ստացվեց. «ասիական առյուծները» թրջեցին հաշիվը` խուսափելով գերխոշոր հաշվով պարտությունից։


Լատինամերիկացիները դուրս եկան քառորդ եզրափակիչ, որի շրջանակում հանդիպելու են Խորվաթիային։ Մրցակիցը այս անգամ ավելի ուժեղ է։ Քաթար-2022-ում Բրազիլիան նման մակարդակի հավաքականի դեռ չի հանդիպել։

Իսպանիա 0:0 (11 մ – 0:3) Մարոկկո

Իսպանիայի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում անակնկալ պարտություն կրեց Ճապոնիայից (1:2)։ Լուիս Էնրիկեի թիմն առաջին երկու տուրերում բավական լավ տեսք ուներ, հատկապես Կոստա Ռիկայի դեմ խաղում, որի ընթացքում «ֆուրիա ռոխան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Մարոկկոյի ընտրանին էլ իսկապես անակնկալ մատուցեց։ Նրանք ընդհանրապես պարտություն չկրեցին խմբային փուլում և մեկ գոլ բաց թողեցին։ Խմբում Մարոկկոն առաջինն էր՝ իր հետևում թողնելով Խորվաթիային, Բելգիային և Կանադային։

Իսպանիան մոտեցել էր այս խաղին պարտությունից հետո և հաղթելը երկրպագուների ու թիմի համար շատ կարևոր էր։

Էնրիկեն ընտրել էր 4-3-3 սխեման, որը գրեթե նույն մարտավարությունն էր, ինչ մյուս երեք խաղերում` շեշտը դնելով արագ ու կարճ փոխանցումների վրա։

Վալիդ Ռեգրագին ընտրել էր այս նույն սխեման, բայց մեկ տարբերությամբ․ եթե Իսպանիան երկու ենթահարձակվողներով էր խաղալու, ապա Մարոկկոն` ընդգծված երկու կենտրոնական կիսապաշտպաններով։

Մարոկկոն շեշտը դրել էի մատ քիչ պրեսինգ` և դիրքային ամուր պաշտպանության վրա։


Իսպանիան եզրերում առավելություն ուներ, ու հաճախ ստացվում էր տարածություններ գտնել։ «Ֆուրիա ռոխան» հետզհետե մեծացնում էր առավելությունը, բայց Մարոկկոն լավ էր հետ մղում հարձակումները։ Առաջին կեսում Իսպանիան փորձեց, բայց չկարողացավ այդպես էլ հաշիվը բացել, իսկ Մարոկկոն լուծեց առաջին կեսի իր նվազագույն խնդիրը։

Երկրորդ կեսում իսպանացիներն ավելի շատ սկսեցին գրոհել։

Էնրիկեն հետաքրքիր լուծում էր մտածել։ Կարլոս Սոլերը մտավ դաշտ ու խնդիր ուներ ֆուտբոլիստ «փախցնելու»։

Սոլերը լինում էր դաշտի երկայնքով։ Նիկո Վիլիամսը եզրում փորձելու էր հաճախ դրիբլինգի գնալ։ Մորատան էլ իր հերթին միշտ մրցակցի տուգանայինում էր։

Ռեգրագին նույնպես հետաքրքիր քայլ կատարեց երկրորդ կեսում։ Իսպանիայի հավաքականի հետզհետե մեծացող ճնշմանը նա դիրքային փոփոխությամբ պատասխանեց։ Դաշտի կենտրոնը փորձեց հագեցնել` մարտավարությունը դարձնելով 4-5-1-ի։

Այս քայլն Իսպանիայի գերհագեցած կենտրոնի հակախաղ էր։ Երկրորդ կեսում, սակայն, Մարոկկոն հաճախ եզրերում տեղի էր տալիս։ Իսպանիան կարողանում էր արագության շնորհիվ գերազանցել,բայց գոլը բացակայում էր, ինչի հետևանքով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Իսպանիան սկսեց զգուշավոր գործել։ Դիրքային գրոհները ավելի դանդաղ էին, քան մինչ այդ, իսկ Մարոկկոն առանց հոգնելու պաշտպանվում էր։ Իսպանիան էլ իր գոլային պահերը չօգտագործեց։

Կողմերը հաղթողին որոշելու համար 11-մետրանոնցներ իրացրին, իսկ այն, ինչ տեղի ունեցավ, շատ հուզիչ էր… իսպանացիների վրիպեցին երեք անգամ, որոնցից երկուսը Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուն հետ մղեց, իսկ Պաբլո Սարաբիայի հարվածը դիպավ դարպասաձողին։

Կարծես անիծված լիներ այդ օրը «ֆուրիա ռոխայի» դիպուկությունը, իսկ Մարոկկոն, մեծ հաշվով աչքի չընկնելով տակտիկական հանճարեղ քայլերով, ապացուցեց, որ պայքարելու և դաշտում մեռնելու ցանկությունը կարող են լուրջ հաջողություններ բերել թիմին։

Պորտուգալիա 6:1 Շվեյցարիա

Պորտուգալիայի հավաքականը խմբային փուլի վերջին տուրում պարտվեց Հվ. Կորեային, ինչը որևէ ազդեցություն չունեցավ, քանի որ Ֆերնանդու Սանթուշի թիմն արդեն ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիրը։

Շվեյցարիայի ընտրանին էլ խմբային փուլի վերջին տուրում գերլարված խաղում 3:2 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ, ինչը թույլ տվեց Մուրատ Յակինի թիմին դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Պորտուգալիայի ընտրանին Շվեյցարիայի դեմ խաղում սխեմայի առումով փոփոխություն չէր արել, սակայն մեկնարկային կազմում չէր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա փոխարեն Սանտուշը ընտրել էր Գոնսալո Ռամուշին։

Եզրերում Բերադու Սիլվան ու Ժոաո Ֆելիշը փորձելու էին արագության շնորհիվ շրջանցել մրցակիցներին, իսկ Բրունո Ֆերնանդեշը թիմի խաղն էր կազմակերպելու։

Շվեյցարացիները հասկանում էին մրցակցի ուժը, և խաղալու էին գրեթե առանց պրեսինգի։ Հանդիպման հենց սկզբում Պորտուգալիան հաշվի մեջ առաջ անցավ, ինչը շատ օգնեց նրանց հետագա խաղում։ Գոլից հետո թիմն ավելի բաց ու համարձակ սկսեց խաղալ՝ շատ ուշադիր լինելով թիկունքին։

Մուրատ Յակինը 3-1-4-2-ով էր սկսելու խաղը, որը պաշտպանվելիս վերածվում էր 4-4-2-ի կամ 4-4-1-1-ի։ Բաց թողած գոլից հետո ավելի համարձակ խաղի էր պետք սպասել, բայց Յակինը կարծես ուզում էր նվազագույն հաշիվը պահել և երկրորդում անակնկալ մատուցել։ Գուցե, այս պատճառով էլ Սանտուշի տղաները պատժեցին նրանց արդեն երկրորդ անգամ։

Երկրորդ կեսում այլ բան էր պետք սպասել։ Շվեյցարիայից ավելի բարձր պրեսինգ էր ակնկալվում ու ագրեսիվություն, ինչը չտեսանք չեղավ խաղի ոչ մի հատվածում։

Պորտուգալացիները դրան զուգահեռ ևս երեք գոլ խփեցին։ Հատկանշական է, որ Ռոնալդուի դիրքում խաղացող Գոնսալու Ռամուշը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Ռաֆաել Լեաուն էլ խաղավերջում հաշիվը ավելի խոշոր դարձրեց։

Կարևորն այն էր, որ պորտուգալիան նման հաշվի ժամանակ էլ շարունկաում էր պրեսինգով խաղալ։ Հաշիվը, իրոք, անակնկալ էր, քանի որ ավելին էր սպասվում Շվեյցարիայից, բայց չեղավ դա։ Պորտուգալիան ջախջախիչ հաշվով հաղթեց ու քառորդ եզրափակիչում մրցելու է անակնկալ մատուցած Մարոկկոյի դեմ։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023