Ուրարտուի կիսապաշտպանն ընդգրկվել է The Guardian-ի վարկածով 2005 թ. ծնված ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկում
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է իր վարկածով 2005 թ. ծնված ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։
Ցանկում ընդգրկվել է նաև «Ուրարտուի» 17-ամյա կիսապաշտպան Գառնիկ Մինասյանը։
«Մինասյանի սրընթաց առաջընթացը Հայաստանում աննկատ չի մնում։ Միգուցե նա հրաշամանուկ չէր, սակայն 15 տարեկանը բոլորելուց հետո երկու հիանալի մրցաշրջան է անցկացրել։
24 գոլի և 31 գոլային փոխանցման ցուցանիշը տպավորիչ է նույնիսկ երիտասարդական մրցաշարերի շրջանակում, ինչը նրան թույլ տվեց ակադեմիայից տեղափոխվել «Ուրարտու-2» և խաղալ Հայաստանի Առաջին խմբում` երկրորդ դիվիզիոնում։
Մինասյանը կայացած, էլեգանտ «box-to-box» ոճի կիսապաշտպան է, ով կարողանում է կառավարել խաղն իր տեխնիկայի և խաղը կարդալու ունակությունների շնորհիվ։
Դաշտը տեսնելու կարողությունը, ճիշտ դիրք ընտրելը, հիանալի երկար փոխանցումներն ու գրոհների եզրափակումը լավագույն որակմներից են, որոնք կարելի է տեսնել Մինասյանի խաղին հետևելիս։
Ըստ հայկական ԶԼՄ-ների` ֆրանսիական և բելգիական մի շարք ակումբների սկաուտներ Հայաստանում հետևել են նրա խաղին։ Կարծում ենք` նրա` արտասահմանյան որևէ ակումբի շարքերը համալրելը միայն ժամանակի հարց է»,- գրված է The Guardian-ի` Գառնիկ Մինասյանին նվիրված հոդվածում։
Նշենք, որ Գառնիկ Մինասյանն այժմ հանդես է գալիս «Ուրարտու-2»-ի կազմում և Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ խաղարկությունում դաշտ է դուրս եկել 8 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# The Guardian, Գառնիկ Մինասյան, Ուրարտ-2, Ուրարտու