Երբ գրեթե բոլորը քնած են, նրանք ֆուտբոլ են խաղում. հայկական սիրողական ֆուտզալը՝ կեսգիշերն անց

Երբ գրեթե բոլորը քնած են, նրանք ֆուտբոլ են խաղում. հայկական սիրողական ֆուտզալը՝ կեսգիշերն անց

28/03/2019 - 21:40

Հայկական ֆուտբոլի մեծ ընտանիքում մաս են կազմում նաև այն անձինք, ովքեր հանդիպումներ են կազմակերպում և անցկացնում մարզադահլիճներում: Հարկ է ընդգծել, որ այդ կտրվածքով մեր ֆուտզալը բավականին զարգացած է: Հաճախ մարզադահլիճներ վարձակալելու համար հարկավոր է լինում մի քանի օր շուտ զանգահարել: Հայկական, այսպես կոչված, «անդրկուլիսային» ֆուտբոլն ունի մի շարք առանձնահատկություններ: Տարբեր կազմակերպություններ, ընկերություններ ունեն կազմավորված թիմեր և ընկերական հանդիպումներից զատ, մասնակցում են նաև մրցաշարերի:

Որոշել ենք անդրադառնալ անձանց մի խմբի, որոնք ֆուտբոլի նվիրյալներ են և «քաղցրացնում» են հայկական սիրողական ֆուտզալը:

Այսպիսով, սպասարկման ոլորտի աշխատակիցներ (հիմնականում խոհարարներ) հստակ հաճախականությամբ ընկերական հանդիպումներ են անցկացնում՝ պատրաստվելով ռեստորանների միջև սպասվող սիրողական առաջնությանը: Wine Republic ռեստորանի խոհարարներին կազմակերպչական հարցում օգնում են It Futsal Cup առաջնության նախաձեռնող խմբի անդամները:

Նկատել ենք, որ խաղերը հիմնականում սկսվում են 00:30-ից կամ 01:00-ից: Այս հարցի մասին զրուցել ենք կազմակերպիչ-խաղացողներից Ռաֆիկ Սինանյանի հետ.

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեր ցանցի ռեստորաններից մեկի՝ Asador-ի մեր ընկերները համաձայնեցին խաղալ մեր թիմի դեմ։ Անձնական միջոցներով պատվիրեցինք անվանական համազգեստներ ու սկսեցինք խաղալ:Ամեն խաղ դառնում է տոն, ու ինչքան էլ ուշ քնենք, միևնույնն է, շատ թարմ ու բարձր տրամադրությամբ ենք հաջորդ օրը գնում աշխատանքի, անկախ նրանից՝ պարտվել ենք, թե հաղթել։ Մեզ հետ հանդիպումներին մասնակցում են նաև ռեստորանների տնօրեններ և սեփականատերեր: Արդեն ինտրիգ կար, մեզ դիտելու էին գալիս մեր անձնակազմի աշխատողները(մատուցողներ և այլն)։
Ինչո՞ւ գիշերը. սովորաբար խաղում ենք աշխատանքից հետո՝ 00։30 կամ 01։00-ին: Մոտ 4 ամիս է ընկերական խաղեր ենք անցկացնում»,- ասաց Ռաֆիկը:

Այնուհետև թիմերի մասնակիցների թիվն ավելանում է և հանդիպումներն իսկական տոնի են վերածվում.

«Համախմբեցինք մեր մյուս ռեստորանների խոհարար ընկերներին, կազմվեցին թիմեր: Այս ամենը, ֆուտզալի, ֆուտբոլի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը շատացնելու ևս մի լավ փորձ է: Նախատեսել էինք առաջնությունը կազմակերպել փետրվար ամսին, բայց չստացվեց հովանավորներ չունենալու պատճառով։ Հույսը չենք կորցրել ու վստահ ենք, որ մի օր մեզ կոգնեն կայանալ որպես լուրջ առաջնություն ու դրանով նպաստել սպորտի զարգացմանը։ Ունենք հետաքրքիր օրինակներ. Dargett ռեստորանը հաճախակի իր խաղերին անսահմանափակ լցնովի գարեջուր է հյուրասիրում երկրպագուներին։ Իսկ մեր ընկերներից մեկն էլ մեկ-մեկ տաք խաչապուրիներ ու կարկանդակներ է հյուրասիրում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մոտավորապես այսպիսին է ռեստորանների աշխատակիցների ֆուտբոլային առօրյան:

Նյութի կազմավորման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանին:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023