Գյուլբուդաղյանց. Խաղի որոշ հատվածներից գոհ եմ, բայց ընդհանուր՝ ոչ
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո կայացավ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը.
-Կարծես 2 պարզ գոլ ընդունեցինք. ի՞նչն էր պատճառը:
-Իրոք պարզ գոլեր էին… սխալներ եղան:
-Ի՞նչն է պատճառը:
-Երկրորդ գոլի դրվագում ուշադրության պակաս եղավ:
-Ընդհանուր թիմային խաղը լավ էր ստացվում, բայց Արտակ Գրիգորյանից սկսած ընթացքը հիմնականում կտրվում էր: Գրիգորյանը չէր «հուշել», որ կարող է խնդիրներ լինել:
-Կուզենայի իր մոտ փոխանցման խոտանը քիչ լինի: Փորձում ենք կարճ փոխանցումներով դուրս գալ: Բայց Արտակ Գրիգորյանն ունի այլ պլյուսներ՝ օգնում է մրցակցի գրոհը կասեցնելիս:
-Ինչո՞ւ հավաքական չի հրավիրվել Սարկիսովը:
-Սարկիսովը լավ ֆուտբոլիստ է, բայց իր թիմում խաղում է եզրից: Մենք եզրից ունենք Բաբայանին, ով լավ խաղաց: Կենտրոնական հարձակվողի դիրքում ընտրել ենք Բալեկյանին, ով անցյալ խաղում լավ գործեց և Կարապետյանը, ում խաղը լավ չստացվեց: Ադամյանը նախորդ խաղին հիվանդությամբ է մասնակցել:
-Վերջապես խաղաժամանակ ստացավ Պետրոս Ավետիսյանը. ի՞նչ կասեք իր մասին:
-Նա իր խոսքը դեռ կասի: Ես հավատում եմ Պետրոսի ապագային:
-Բոսնիայի հավաքականի հետ խաղից հետո ասացիք, որ խաղից գոհ եք, բայց արդյունքից ոչ, իսկ այս անգա՞մ:
-Խաղի հատվածներից եմ գոհ, իսկ ընդհանուր՝ ոչ:
-Մրցակցին խորն էինք դիմավորում…:
-Առաջին 15 րոպեում չէինք թողնում գնդակով գործեին: Իսկ հետո, այո: Երկրորդ կեսում ակտիվ պրեսինգը որոշ չափով ստացվեց, բայց ամբողջ խաղում այդպես անհնար է:
-Հարոյան-Չալըշըր զույգը հիմնակա՞ն տարբերակն է:
-Ֆուտբոլում հիմնական տարբերակ, որպես այդպիսին, չի կարող լինել: Եթե ինչ-որ մեկը լավ չխաղա, այլ տարբերակ կընտրենք, ունենք Խաչատուրով, Իշխանյան…:
-Մխիթարյանի՝ հենակետայինում գործելն արդարացվա՞ծ էր:
-Ստիպողաբար էր դա, քանի որ Կառլեն Մկրտչյանը հիվանդացավ, վերջնական որոշումը կայացրել ենք 17:00-ին:
-Եզրերում Օզբիլիսն ու Բաբայանը ակտիվ էին, բայց փոխարինեցիք…:
-Փորձեցինք այլ ֆուտբոլիստներով ակտիվացնել: Կարծում եմ՝ Տիգրան Բարսեղյանն ակտիվացրեց:
-Նշել էիք, որ առաջնայինը ազգին ուրախացնելն է: Ի՞նչ ունեք երկրպագուներին ասելու:
-Ես կրկնում եմ՝ ազգին պետք է ուրախացնել լավ խաղով և արդյունքով…: Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի, 4-5 ֆուտբոլիստ նորամուտն են նշել: Կփորձենք կամաց-կամաց երիտասարդներին ընդգրկենք և լավ արդյունք ցույց տանք:
-Հակագրոհները դանդաղ էին ստացվում. ի՞նչն է պատճառը: Մրցակցի տուգանայինում էլ պայքար չտեսանք…:
-Մի քանի լավ հակագրոհներ եղան, որոնց վերջին փուլում փոխանցումը չստացվեց: Մրցակցի տուգանայինում չպետք է պայքարեինք, այլ անակնկալի բերեինք: Ափսոս, չստացվեց:
-Անկյունայինները դարպասապահն էր որսում, հրահանգ չկա՞ր խաղարկել:
-3 անկյունային է եղել, որոնցից մեկը խաղարկել ենք: Ճիշտ եք ասում, չպետք է բարձրից փոխանցումը դարպասային հրապարակում լիներ:
# Արմեն-Գյուլբուդաղյանց, Հայաստան-Ֆինլանդիա, Հայաստանի-հավաքական