Բանանցի նորեկ Գլիշիչ. Մինչև վերջ պայքարելու ենք երկու տիտղոսի համար
«Բանանցի» մամուլի ծառայությունը հետաքրքիր զրույց է ունեցել թիմի նորեկ Ալեքսանդար Գլիշիչի հետ.
– Ալեքսանդա՛ր, արդեն 1 ամիս է, ինչ «Բանանցում» ես, նախ ցանկանում եմ քեզ հարցնել Հայաստանի մասին, հավանացի՞ր երկիրը, քաղաքը, մշակույթը և մարդկանց.
– Այո, այստեղ ամեն ինչ շատ լավ է և հիասքանչ, Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ բարեհամբույր են իմ նկատմամբ:
– Արդյո՞ք նմանություններ կան Հայաստանի ու Բոսիա և Հեռցեգովինայի միջև.
– Որոշ չափով այո, այստեղ մարդկանց կենսակերպը շատ մոտ է իմ երկրին, ինչպես նաև շատ նման են մտածում այս երկու ժողովուրդները:
– Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանում, երբևէ լսե՞լ էիր այս երկրի մասին.
– Առաջին անգամ Հայաստանի մասին լսեցի նախորդ տարի, երբ «Բանանցը» խաղաց «Սարաևոյի» դեմ. Դիտել եմ այդ խաղը, ինչպես նաև մի քանի ընկեր ունեմ, ովքեր խաղում են Հայաստանում:
– Ո՞րն էր «Բանանցի» առաջարկն ընդունելու հիմնական պատճառը.
– «Բանանցը» հայկական լավագույն թիմերից մեկն է, ունի շատ զարգացած ենթակառուցվածքներ և մարզաբազա: Ինչպես նաև ունի շատ ուժեղ կազմ: Այս տեղափոխությունը իմ կարիերայում մեկ մեծ քայլ էր առաջ:
– Հարազատներդ և ընկերերդ Բոսնիայում դիտու՞մ են քո խաղերը «Բանանցում».
– Այո,այո, բոլորն էլ դիտել էին մեր առաջին խաղը և կշարունակեն դիտել հետագա բոլոր խաղերը. Միշտ նրանց պատմում եմ «Բանանցի» և Հայաստանի առաջնության մասին:
– Այս ամիս Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականները Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում մրցելու են միմյանց դեմ, ի՞նչ կանխատեսումներ ունես.
– Կարծում եմ Բոսնիան մի փոքր ավելի լավ խաղացողներ ունի, բայց ինչպես գիտեք Հայաստանի հավաքականն է ունի Հենրիխ Մխիթարյան, ով եվրոպական ֆուտբոլի գերաստղերից է: Որպես Բոսնիացի, կարծում եմ կհաղթի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը:
– Ի՞նչ կասես Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասին.
– Առայժմ շատ բան ասել չեմ կարող, դեռ ընդամենը մեկ խաղի եմ մասնակցել: Բայց նույնիսկ այդ մեկ խաղից պարզ էր, որ շատ մրցակցային առաջնություն է, ինչպես տեսանք առաջնության ետնապահը կարողացավ շատ լավ խաղալ մեր դեմ:
– Նորամուտիդ խաղում դարձար գոլի հեղինակ, ի՞նչ զգացումներ ունես.
– Հիանալի զգացում է նորամուտի խաղում գոլ խփելը, բայց միևնույնն է ամենակարևորը հաղթելն է, ինչը մեզ մոտ այս անգամ չստացվեց, բայց մենք կանենք ամեն բան, որպեսզի յուրաքանչյուր խաղում հաղթենք:
– Գոլից հետո միանգամից շտապեցիր պահեստայինների նստարանի մոտ, ո՞րն էր նման կերպ գոլը տոնելուդ պատճառը.
– Խաղից առաջ դարմասապահների մարզիչ պարոն Ասլանյանը ինձ ասել էր, որ անպայման գոլ եմ խփելու, երբ խփեցի վազեցի նրա մոտ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ինձ հոգեբանորեն աջակցելու համար:
– Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը այս մրցաշրջանում.
– Մենք պարտավոր ենք առնվազն մեկ տիտղոս նվաճել, բայց թե՛ ես, թե՛ ամբողջ թիմը մինչև վերջ պայքարելու ենք և՛ առաջնությունում, և՛ Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթելու համար:
– Ի՞նչ ես կարծում, ո՞րն է քո ամենամեծ նվաճումը որպես ֆուտբոլիստ.
– Առաջինը կնշեմ «Ռադնիկի» կազմում Բոսնիայի գավաթը նվաճելը և Եվրոպա լիգայում խաղալը, կարող եմ նաև ասել, որ երկրորդ նվաճումն էլ «Բանանց» տեղափոխությունն է:
– Ո՞ր թիմում էիր երազում խաղալ մանուկ ժամանակ.
– Շատ եմ սիրել «Արսենալը», հատկապես Թիերի Անրիի և Ռոբեր Պիրեսի սերունդը, հիմա էլ շարունակում եմ սիրել այդ թիմը:
– Ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը.
– Մի օր խաղալ Ուեֆայի չեմպիոնների լիգայում, ինչպես նաև թոփ 5 առաջնություններից որևէ մեկում:
– Ի՞նչ կասես «Բանանցի» երկրպագուներին.
– Նրանց կխնդրեմ անպայման գալ և աջակցել մեզ յուրաքանչյուր խաղի, իսկ մենք էլ մեր հերթին կանենք ամեն բան հաղթելու և նրանց ուրախացնելու համար: