Սթափեցնող տագնապ. վրացական և էստոնական թիմերի արդյունքները տեղացի ֆուտբոլիստներով
Եվրագավաթներ. հին լեգենդն ասում է, որ այստեղ երևում են թիմերի իրական հնարավորությունները:
Հայերս, արդեն քանի տարի է, խոսում ենք Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու մասին. ոչ մի քայլ ետ: Քանի դեռ մենք բերում ենք անհայտ ծագման լեգիոներներ, այս իրականությունից անդին այլ երկրներում ֆուտբոլը զարգանում է անկանգ տեմպերով:
Չեմպիոնների ու Եվրոպա լիգաների հերթական մեկնարկը մի շարք հարցերին տալիս է սպառիչ պատասխաններ:
«Բանանցը» շանս չունեցավ սերբական «Չուկարիչկիի» հետ՝ պարտվելով 0:3 հաշվով:
Փորձենք մի քանի բան հասկանալ
«Չուկարիչկին» Սերբիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երկրի փոխչեմպիոնը «Ռադնիչկին» է. հիմա կհասկանանք, թե ինչու է սա ասվում…:
Եվրոպա լիգա. որակավորման առաջին փուլ. «Ֆլորա» (Էստոնիա) – «Ռադնիչկի» (Սերբիա)՝ 2:0: Թվում է ոչ մի արտառոց բան, բա՜յց մի անչափ կարևոր հանգամանք. «Ֆլորայի» ամբողջ կազմը էստոնացիներ են. ավելին՝ հայտացուցակի 18 ֆուտբոլիստներից 17-ը տեղացիներ են և ընդամենը 1 լեգիոներ, ով էլ խաղալու հնարավորություն չի ստացել: Էստոնացիները բացառապես տեղական ֆուտբոլիստներով հաղթել են ֆավորիտ մրցակցին:
Հարցեր, հարցեր… բայց պատասխաններ այստեղ չկան, ամեն ինչ պարզ է:
Երբեմն սիրում ենք համեմատվել վրացիների հետ. տեղափխվենք Տիրասպոլ: Դարձյալ առաջին փուլում մոլդովական ֆուտբոլի դրոշակակիր «Շերիֆը» 0:3 հաշվով պարտվել է վրացական «Սաբուրթալոյին»:
«Սաբուրթալոյի» մեկնարկային կազմում ընդամենը 2 լեգիոներ է եղել՝ մեկական ֆրանսիացի (փոխարինվել է) և չեռնոգորցի: Պահեստային 8 ֆուտբոլիստներից 7-ը դարձյալ տեղացիներ են:
Այստեղ ևս հարցեր ու պատասխաններ չկան, ամեն ինչ պարզ է: Բազմիցս խոսվել է հայ ֆուտբոլիստների կարևորության մասին: Լեգիոներները կգան ու կգնան, 1-2 փուլ կհաղթահարենք, բայց կշարունակենք խաբել ինքներս մեզ: Վաղուց ժամանակն է լրջորեն մտածել այս մասին: Մյուսներն արդեն գործի են անցել:
Արման Առաքելյան
# Բանանց, Եվրոպա-լիգա, Շերիֆ, Սաբուրթալո