Գործարքը կայացած է. Անխել դի Մարիան տեղափոխվում է Յուվենտուս
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը Դի Մարիայի գործակալ Ժորժե Մենդեշի հետ տևական ժամանակ բանակցություններ վարելուց հետո վերջապես հասել է համաձայնության։
34-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր։
Հաղորդվում է, որ արգենտինացի վինգերն առաջարկներ է ունեցել նաև «Բարսելոնայից» ու անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից, սակայն նա մերժել է դրանք, քանի որ ցանկացել է ուժերը փորձել նոր առաջնությունում, որտեղ դեռևս հանդես չի եկել։
Մեծ է հավանականությունը, որ Դի Մարիան Թուրին կմեկնի արդեն առաջիկա ժամերին, որտեղ բուժզննում կանցնի «սեր սինյորայի» համար, որն էլ, իր հերթին, պատրաստում է թիմի նորեկի պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 295 հանդիպում` դառնալով 93 գոլի հեղինակ։
Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում կատարել է նաև 119 գոլային փոխանցում ու ակումբի պատմության լավագույն ասիստենտն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Ժորժե Մենդեշ, Յուվենտուս, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո