Carabao Cup. Արսենալը գլորվում է անդունդը․ Սիթին աչքերը փակ դուրս եկավ կիսաեզրափակիչ🎥
Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը։ «Արսենալը», որը ծանր օրեր է ապրում, «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Զինագործները» միայն մեկ խաղակես դիմացան, իսկ երկրորդ կեսում պարզապես քանդվեցին։
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուսը, իսկ 31-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Երկրորդ կեսն ամբողջությամբ Պեպ Գվարդիոլայի սաներինն էր, ովքեր կարելի է ասել ընդամենը 5 րոպեում հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները, քանի որ նախ 54-րդ րոպեի Ռիյադ Մարեզը կրկին առաջ մղեց մանկունյական ակումբին, իսկ 59-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» արդեն հաղթում էր 1։3 հաշվով։
73-րդ րոպեին էլ Էմերիկ Լապորտը հաշիվը դարձրեց 1։4, ինչից հետո «քաղաքաբնակներն» արդեն հանգստացան՝ խաղը հասցնելով տրամաբանական ավարտին։
Այսպիսով, «Սիթին» հեշտ հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի կիեսաեզրափակիչ, իսկ լոնդոնյան ակումբը լքում է պայքարը։
Վերջում միայն հավելենք, որ «Արսենալը» անգլիական բոլոր մրցաշարերում վերջին անգամ հաղթել է գրեթե երկու ամիս առաջ, երբ նոյեմբերի 1-ին ԱՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունյաթեդին»։
# Carabao Cup, Ալեքսանդր-Լակազետ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Էմերիկ Լապորտ, Մանչեսթեր-Սիթի, Ռիյադ Մարեզ, Ֆիլ Ֆոդեն