Թուրքական ակումբների երկրպագուները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը
Թուրքական Սուպերլիգայի 23-րդ տուրում «Ֆեներբախչեն» 4:0 հաշվով ջախջախեց «Կոնյասպորին»։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ խաղից առաջ երկու ակումբները հակակառավարական ակցիա են իրականացրել` վանկարկելով հետևյալը.
«Սուտ, խաբեություն արդեն 20 տարի, հրաժարական տվեք»։
Բացի դրանից, երկրպագուները հանդիպման ընթացքում վանկարկել են «կառավարությու՛ն, հրաժարական տուր» արտահայտությունը։
Հակակառավարական վանկարկումներ հնչել են նաև «Բեշիկթաշ» – «Անթալիասպոր» (0:0) հանդիպման ժամանակ։
Թուրքիայի Երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասապօղլուն, ի պատասխան այդ վանկարկումների, նշել է.
«Սպորտը որպես քաղաքական գործիք օգտագործելը ոչ այլ ինչ է անում, քան խանգարում է միասնությանը և համերաշխությանը։ Միասին մենք կշարունակենք բուժել ցավալի աղետի վերքերը և հաղթահարել դժվար ժամանակները»։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին դատապարտել է սպորտի օգտագործումը որպես «կեղտոտ քաղաքականության շահ» և կոչ է արել հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների կամ «անհրաժեշտ միջոցների կիրառման պայմաններում»։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հավելել է. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, շուտով ընտրություններ են լինելու երկրում, իսկ նրանք, ովքեր ցանկանում են սպորտը դարձնել քաղաքական ասպարեզ, պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ է անում պետությունը, ազգը, քաղաքացիական հասարակությունը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։
Ստեղծված իրավիճակն առաջացրել է հասարակության լայն զանգվածների դժգոհությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անթալիասպոր, Բեշիկթաշ, Թուրքիայի Սուպերլիգա, Կոնյասպոր, Ֆեներբախչե