Անգլիական գրանդն ու ՊՍԺ-ն քննարկել են Նեյմարի հավանական տրանսֆերի մանրամասները
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆին օրեր առաջ հանդիպել են Փարիզում և քննարկել Նեյմարի` «Չելսի» հավանական տեղափոխության մանրամասները։
Նշվում է, որ «Չելսին» Նեյմարին ցանկացել է գնել դեռևս 2021 թ. ամռանը, երբ ակումբը մարզում էր Թոմաս Տուխելը, ով բրազիլացի ֆուտբոլիստի հետ աշխատել է հենց փարիզյան ակումբի կազմում։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն նույնպես կողմ է բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից, ում վաճառքի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 60 մլն եվրո։
Գործարքի միակ խոչընդոտը կարող է դառնալ Նեյմարի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 36 մլն եվրո։
Հատկանշական է, որ «Չելսին», հանուն Նեյմարի տրանսֆերն իրականացնելու, պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Լուիս Էնրիկեին, ում գլխավորությամբ բրազիլացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։
Կան տեղեկություններ նաև, որ «Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է Նեյմարին բաց թողնել նույնիսկ անվճար, որպեսզի մինչև 2027 թ. հունիսի 30-ը նրան չվճարի տարեկան 36 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Նեյմարը փարիզյան ակումբի շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 172 հանդիպում` դառնալով 117 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոդ Բոուլի, Նասեր Ալ-Հելայֆի, Նեյմար, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ