Պաչաջյան. «Հուսով եմ` Արգենտինան կհաղթի Ֆրանսիային»

Պաչաջյան. «Հուսով եմ` Արգենտինան կհաղթի Ֆրանսիային»

17/12/2022 - 22:37

Աշխարհի առաջնության եզրափակիչին մնացել են հաշված ժամեր։ Interfootball-ը զրուցել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ՝ պարզելով նաև ԱԱ-2022-ի նրա ֆավորիտին։

Լևոն, ի՞նչ կասեք աշխարհի առաջնության մասին։ Ի՞նչ սպասելիքներ ունեիք։ Արդարացա՞ն դրանք թե՛ կազմակերպչական, թե՛ խաղային առումով։

– Մի քիչ տարօրինակ առաջնություն էր, քանի որ ժամանակահատվածն անսովոր էր՝ Քաթարի եղանակային պայմաններից ելնելով, բայց մեծ սպասելիքներ չունեի։ Ուզում էի լավ ֆուտբոլ և առաջնություն տեսնել։

Շատ կուզեի, որ անակնկալներով լի լիներ, ինչ-որ չափի եղավ, օրինակ, Մարոկկոն։ Ափսոս, որ այն թիմերը, որոնք ֆավորիտ էին, լքեցին առաջնությունը։ Սա երևի արադարացնում է իր սպասելքիները, որովհետև թիմերի միջին մակարդակը հավասար է, և բոլորը բոլորին կարողանում է հաղթել։

Այս առումով առաջնությունը դիտարժան է, բայց կան հավաքականներ, որոնցից բարձրակարգ ֆուտբոլ ես սպասում։
Ամենամեծ հիասթափությունս կապված էր հաշվարկային խաղերի հետ։ Սրա դիմաց ՖԻՖԱ-ն պետք է ինչ-որ կերպ պայքարի։

Չնայած սա` ֆուտբոլն Իսպանիայի հետ չար կատակ խաղաց։ Փաստացի, նրանք չէին ուզում Բրազիլիայի դեմ խաղալ ու Մարոկկոյին անշուք կերպով պարտվեցին։

Նույնը նաև Լեհաստանի հետ պատահեց․ վերջին երկու խաղում, հատկապես, Ֆրանսիայի դեմ խաղում թիմը չգիտեր, թե ինչով էր զբաղված։ Ինձ համար սա նորմալ չէ։ Տպավորություն էր, թե նրանք դեռ մեկ աշխարհի առաջնություն ունեն խաղալու, մտածում էին՝ խմբային փուլի պես պարտվելով՝ կրկին առաջ են գնալու։

Սակայն, կային խաղեր, որոնք հաճույքով նայեցի։ Օրինակ, Իրան-Ուելս խաղը, որը շատ տպավորեց, հատկապես, Իրանի խաղի վերջին րոպեները։ Կարելի է նշել նաև սուպեր սենսացիան, որից 5 էր պակաս, երբ Կոստա Ռիկան հաղթում էր Գերմանիային, իսկ Ճապոնիան Իսպանիային, և երկու գրանդներն էլ դուրս էին մնում խմբից մի պահ։ Շատ էի ուզում՝ խաղերն այդպես էլ ավարտվեին ու նման հաշվարկները գլխի վայր շուռ գային։

Կարող ենք նշել նաև Մարոկկոյի սենսացիոն խաղերը։ Նրանք խմբում զբաղեցրին առաջին տեղը, հաղթեցին Իսպանիային ու ընդամենը 1 գոլ էին բաց թողել մինչև կիսաեզրափակիչ, որն էլ ինքնագոլ էր եղել։


Ահռելի քանակի գումարներ են ծախսել՝ գրեթե 220 միլիարդ եվրոյից ավելի։ Կարելի է ասել, որ քաղաք են կառուցել։ Արաբ շեյխերը «փողին փող չեն ասում» ու սիրում են ամեն ինչ ճոխ կազմակերպել։ Իսկ բացման արարողությունը չտպավորեց։ Այդ մասշտաբների մեջ ավելի բացառիկ բան էր սպասվում։ Տպավորիչ են մարզադաշտերը, չնայած վերջին խաղերին նկատվեց, որ մարզադաշտի խոտածածկի դեղին մասերը երևում են, բայց նրանք հրաշալի կառույցներ են։

Լևոն, առջևում աշխարհի առաջնության եզրափակիչն է։ Ի՞նչ կանխատեսում ունես եզրափակիչի վերաբերյալ, ինչպիսի՞ խաղ կընթանա։

– Ինձ հետևողները գիտեն, որ ես Արգենտինայի հավաքականին եմ երկրպագում։ Ուզում եմ, որ Մեսսին կարողանա հաղթել ու հասնել կարիերայի գագաթնակետին՝ աշխարհի առաջնության գավաթակիր դառնալ։ Այս երկար տարիների ընթացքում ու հատկապես այս աշխարհի առաջնությանը Մեսսին փայլում է ու ամբողջովին արժանի է այդ մրցանակին։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի, չնայած շատ բարդ խաղ է լինելու։ Այսօրվա Ֆրանսիան շատ լավ ֆուտբոլ է ցույց տալիս ու խաղից խաղ կարողանում են ավելի կայուն ու թիմային խաղ ցուցադրել, անգամ այն պարագայում, երբ նրանք հիմնական կազմից 5-6 ֆուտբոլիստի կորցրին մրցաշարից առաջ ու ընթացքում։ Դժվար կլինի այս թիմին հաղթել, սակայն ամեն դեպքում Մեսսին մնում է Մեսսի։ Արգենտինան էլ Սաուդյան Արաբիայից կրած անակնկալ պարտությունից հետո խաղից խաղ կայունանում է ու որպես թիմ բավականին պինդ են դարձել։ Կիսաեզրափակիչում Խորվաթիայի դեմ գրեթե առանց հնարավորություն տալու հաղթեց մրցակցին։

Աշխարհի առաջնության թիմերի մակարդակն էլ կարող ենք ասել, որ հավասարվել է, որովհետև չեզոք երկրպագուների համար այս աշխարհի առաջնությունը հետաքրքիր է։ Այնպես որ կարծում եմ՝ եզրափակիչում որակյալ ու գոլառատ խաղ կտեսնենք, որովհետև բավականին բարձրակարգ հարձակվողներ են խաղալու երկու թիմերից էլ։ Հուսով եմ, որ Արգենտինայի հավաքականը կկարողանա հաղթել Ֆրանսիային։

Աշխարհի առաջնության համար այս տարի ծախսվել է 220 մլրդ եվրոյից ավելի գումար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Քաթարում ֆուտբոլը այդքան էլ պահանջված չէ, որովհետև շատ հանդիպումներում կան կիսադատարկ տրիբունաներ։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Ամենայն հարգանքով, բայց Քաթարը ոչ ֆուտբոլային երկիր է։ Ասում են, որ շատ սկանդալային որոշումներ են եղել վերջին երկու մունդիալներին։ Դատարկ մարզադաշտերի լինելը հասկանում եմ, քանի որ ֆուտբլը այնտեղ նոր է ծնվում։

Կարծում եմ` ՖԻՖԱ-ն նաև մտածել է, որ ֆուտբոլը տարածի նաև այստեղ։ Քաթարում չկան ֆուտբոլային ավանդույթներ, այնտեղ նոր-նոր զարգանում է ֆուտբոլը, բայց դատարկ տրիբունաների առումով, իհարկե, տխուր էր։ Օրինակ, Ֆրանիսա-Լեհասատն խաղին տեսնում էինք, որ շատ երկրպագուներ չկային, բայց սա ևս ուներ իր պատճառները։

Նույն եվրոպացիները սիրում են իրենց արժեհամակարգը, մտածելակերպը, մշակությը բերել ու տարածել ամենուր։ Տեսանք, թե ինչ կատարվեց Գերմանիայի հետ բողոքից հետո, բայց համոզված եմ, որ ֆուտբոլը պետք է տարածվի ամբողջ աշխարհում, ու ամեն նոր մունդիալում նոր երկրներ ի հայտ գան։ Քաթարում նաև արժեհամակարգերի բախում է, ու այս առումով ֆուտբոլը միայն խաղ չէ, սա նաև նոր դարպասներ է բացում, որպեսզի մարդիկ շփվեն։ Գլոբալիզացիա է տեղի ունենում։

Աշխարհի առաջնությունում այս տարի երիտասարդները նույնպես տոն տվեցին` Բելինգհեմը, Մուսիալան և այլք։։ Արդյո՞ք նրանցից մեկը կամ մի քանիսը մոտ ապագայում այնքան մեծ անուն կունենան, ինչպես, օրինակ, Մեսսին կամ Ռոնալդուն։

– Ամենայն հարգանքով նրանց նկատմամբ, սակայն մոտակա տարիներին չեմ պատկերացնում եմ, որ նման արդյունք կգրանցեն։ 1000 խաղում 700 գոլ, 300 գոլային փոխանցում, 7 կամ 5 «Ոսկե գնդակ»։ Անհավանական թվեր են։

Նրանց մոտ է այս պահին Մբապպեն, բայց Մեսսին ու Ռոնալդուն 15 տարի անընդմեջ մնացել են վերևում, և չեմ մտածում, որ կլինեն այնպիսիները, ովքեր կկարողանան հասնել նման արդյունքի։ Եթե անգամ 2 տարի կարգդ իջեցնես, այլևս չես հասնի նրանց մակարդակին։ Կան ֆուտբոլիստներ, որ մի քանի տարի փայլում են։ Օրինակ, Հալանդը փայլում է, կարող է 4-5 տարի փայլել, բայց 15 տարի այդպես մնալը ֆանտաստիկայի ժանրից է։

Մի փոքր խոսենք Հայաստանի հավաքականի մասին։ Դուք խաղացել եք ազգային ընտրանու կազմում։ Այսօր մեր հավաքականը այդքան էլ լավ վիճակում չէ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված վիճակը։

– Չեմ ուզում համեմատել հավաքականները, բայց Հայաստանի հավաքականը ունի բազա, ու եթե համապատասխան մարզիչ գտնեն, կկարողանանք լավ ֆուտբոլ ցույց տալ։ Այնպես չէ, որ ամեն ինչ պետք է զրոյից սկսել։

Հայաստանի հավաքականն ունի մեծ պոտենցիալ, ունի բավականին որակյալ ֆուտբոլիստներ, նոր անուններ են ի հայտ գալիս։ Ռուսական ֆուտբոլում նոր հայ անունների մասին ենք լսում՝ այդ երկրում դրված արգելքի պատճառով։ Սա էլ կարելի է շատ լավ օգտագործել։ Գալիք մարզչական կազմը կունենա գործիքակազմ, որը կարող են շատ լավ օգտագործել։

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին հատվածն ավարտվեց։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն»: Ի՞նչ սպասենք նրանցից գարնանային հատվածից։

– Տասնյակ տարիների ընթացքում նրանք հավակնորդ թիմ են եղել։ Հուսով եմ, որ բախտը այս անգամ նրանց կողմը կլինի ու կկարողանան պահպանել առաջին հորիզոնականը։ Շատ կարևոր է, որ դադարը ճիշտ օգագործեն։ Կայուն թիմի տպավորություն է թողնում։ Թիմի հետ միշտ վերջում տարօրինակ բան է պատահում, բայց այս անգամ, հավատանք, որ չի լինի։

Հայաստանի առաջնությունն էլ հետաքրքացել է, քանի որ ամեն տարի նոր թիմեր են մտնում պայքարի մեջ, այնպես չէ, որ մեկ թիմ է միշտ դառնում չեմպիոն։ Այս առումով շատ հետաքրքիր է։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023