Կապառոս. «Նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և դարձան 5 գոլի հեղինակ»🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:5 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը.
– Պարոն Կապառոս, դուք շատ հաճախ մեջբերում եք, որ Իսպանիայում, օրինակ 3:0 հաշվից հետո մարզադաշտում կարող ենք տեսնել սպիտակ թաշկինակներ` ի պահանջ մարզչի հրաժականի։ Այժմ մենք` լրագրողներս հարց ունենք։ Արդյո՞ք դուք պատրատսվում եք հրաժարական տալ, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա մենք այլ հարցեր չունենք և կհեռանանք։
– Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ, եթե այլ հարցեր չունեք…
Նշենք, որ իսպանացի մասնագետի պատասխանից հետո մի խումբ լրագրողներ հեռացան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահից։
– Այնպիսի տպավորություն էր, որ այսօր խաղային ձեռագիր ընդհանրապես չկար, նաև եզրափակումն է կաղում։ Սա որերորդ խաղն էր, որ գոլեր ենք բաց թողնում մեր դարպասին, սակայն չենք կարողանում պատասխանել դրանց։ Ի՞նչն է պատճառը։
– Իրավացի եք։ Չկարողացանք արժանի պատասխան տալ, երբ գոլեր բաց թողեցինք, սակայն կարծում եմ` խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և դարձան 5 գոլի հեղինակ։ Այսինքն, գործեցին առավելագույն արդյունավետությամբ, և դա լավ թիմի նշան է։
Բացի այդ, պետք է նշեմ, որ B դիվիզիոնում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ, ինչի ապացույցը նաև այն է, որ հաջքրդ մրցաշրջանում այս դիվիզիոնում հանդես է գալու Անգլիայի նման հզոր հավաքականը։
Մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք խաղում և 0:0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին և Ազգերի լիգայի վերջին` 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Խոակին Կապարոս, Հայաստան-Ուկրաինա, Հայաստանի-հավաքական