Բարսելոնան իտալական գրանդի հետ բանակցություններ է վարում Դեպայի հավանական տեղափոխության հարցում
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, հեռանա ակումբից և կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Յուվենտուսը» հոլանդացի ֆուտբոլիստի վարձակալության հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ, սակայն գործարքի կայացման համար անհրաժեշտ է, որ Դեպայը մեկ տարով երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ը։
Դրան զուգահեռ, 28-ամյա հարձակվողը վստահ չէ, որ պետք է փոխի ակումբային գրանցումը, քանի որ կարծում է, որ «Բարսելոնայում» իրեն դրսևորելու հնարավորություն դեռ կստանա։
Այդ հարցում առանցքային դեր կարող է խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղային պրակտիկա ունենալու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ «Յուվենտուսը» ներկա պահին մտադիր չէ գնել Դեպայի տրանսֆերային ամբողջական իրավունքները, սակայն պատրաստ է պարտադիր գնման իրավունքով վարձակալել նրան։
Սպասվում է, որ հետագայում Մեմֆիսի գործարքը «բյանկոներիների» համար կարժենա մոտ 20 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Դեպայը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին` անցկացրած 37 խաղում դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մեմֆիս Դեպայ, Յուվենտուս, տրանսֆերներ