Մխիթարյան. Ռոմա եմ եկել նոր մարտահրավերների համար
Հռոմում կայացել է Հենրիխ Մխիթարյանի՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ, առաջին ասուլիսը.
Հայաստանի հավաքականի ավագը մասնավորապես ասել է.
«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Ինձ համար դժվար ժամանակներ էին, ուստի նոր էջ եմ սկսում, նոր արկածներ: Ես գիտեմ՝ ուր եմ եկել, ինչ նպատակներ ունի այս ակումբը, և իհարկե, առավելագույնը կներդնեմ ընդհանուր նպատակների համար:
Ամեն ինչ շատ արագ է եղել: Զանգ եմ ստացել իմ գործակալից, ով ասել է, որ պետք է շտապեմ Հռոմ: «Ռոմա» եմ եկել նոր մարտահրավերների համար: Գործակալիս հետ գումարի մասին խոսք անգամ չի եղել, եկել եմ ֆուտբոլը վայելելու և մեր նպատակներին ընդառաջ շարժվելու:
Իմ դիրքը, իհարկե, ենթահարձակվողի գոտին է, բայց բոլոր տեղերում էլ ինձ լավ եմ զգում: Որոշումը մարզչինն է:
Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս, լավ կոլեկտիվ ունենք: Հավաքականի հանդիպումներին հանդիպել եմ թիմակիցներիս՝ Ֆլորենցիին և Ջեկոյին: Այդ խաղերն անցյալում են և պետք է կենտրոնանալ «Ռոմայում» մեր առաջիկայի վրա:
Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումներից հետո «Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել. նրանք գոհ էին իմ խաղից: Ես 30 տարեկան եմ, գիտեմ քննադատությունն ինչ է և դրան դեմ չեմ:
Արդեն լքել եմ Անգլիան և չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ կենտրոնացած եմ «Ռոմայի» վրա: Չեմ կարծում, թե այս տեղափոխությունս հետքայլ է, քանի որ «Ռոման» մեծ ակումբ է, և դա բոլորը գիտեն: «Արսենալում» վերջին ամսում երջանիկ չէի: Եկա այստեղ երջանիկ լինելու»,- ասել է Մխիթարյանը:
# Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա