Սեբաստիան Ջովինկոն վերադառնում է իտալական ֆուտբոլ
Իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոն շուտով կդառնա «Սամպդորիայի» ֆուտբոլիստ։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, հայտնում է, որ «Սամպդորիան» փոխարինող է փնտրում ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինիի համար, ով ծանր վնասվածք է ստացել։
Ջենոական ակումբի ընտրությունը կանգ է առել Ջովինկոյի վրա, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Սպասվում է, որ 35-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կկնքի 6 ամսվա պայմանագիր` մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ «Սամպդորիան» այս տրանսֆերի մասին կհայտարարի առաջիկա ժամերին։
Նշենք, որ Ջովինկոն «Յուվենտուսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2006-2015 թթ.։
Վետերան հարձակվողը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Իտալական ակումբներից նա հանդես է եկել նաև «Պարմայի» ու «Էմպոլիի» կազմում, իսկ Ա սերիայի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 190 հանդիպում` դառնալով 40 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Ջովինկոն առավել հայտնի է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2015-2019 թթ. (142 հանդիպում, 83 գոլ և 51 գոլային փոխանցում)։
35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը», որտեղից հեռացել է 2021 թ. օգոստոսին։
Այսպիսով, Սեբաստիան Ջովինկոն 7 տարի անց վերադառնում է իտալական ֆուտբոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմպոլի, Մանոլո Գաբիադինի, ՄԼՍ, Յուվենտուս, Պարմա, Ջանլուկա դի Մարցիո, Սամպդորիա, Սեբաստիան Ջովինկո, Տորոնտո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո