Բարսելոնան Կումանին փոխարինելու երեք թեկնածու է դիտարկում
«Բարսելոնայի» մարզչական աթոռին, ամենայն հավանականությամբ, շուտով փոփոխություն տեղի կունենա, քանի որ ակումբի ղեկավարությունն որոշել է պաշտոնանկ անել Ռոնալդ Կումանին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանասը» հոլանդացի մասնագետին մեծ հավանականությամբ պաշտոնանկ կանի Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայանալիք արտագնա խաղից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան վստահ չէ, որ նախքան «Ատլետիկոյի» դեմ խաղը Կումանին աշխատանքից հեռացնելը խելամիտ որոշում կլինի, քանի որ տվյալ դեպքում թիմը չի անցնի նախատեսված մարզումային ծրագիրը։
Ֆունկցիոները գտնում է, որ նման որոշում կայացնելը ճիշտ է «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո, որպեսզի նոր մարզիչը նաև ժամանակ ունենա ծանոթանալ ֆուտբոլիստների հետ, քանի որ տվյալ հանդիպումից հետո, հավաքականների խաղերով պայմանավորված, դադար է լինելու։
Բացի այդ, սկզբունքային մրցակցի դեմ խաղից առաջ չի ցանկանում սրել առանց այն էլ լարված իրավիճակը։
Հաղորդվում է, որ Լապորտան ներկա պահին ուսումնասիրում է գլխավոր մարզչի թեկնածուներին։
Կատալոնացիների նախագահը դիտարկում է երեք թեկնածու։ Խոսքն Անդրեա Պիռլոյի («Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ), Խավիի («Ալ Սադ», Քաթար) և Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մասին է։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանի գլխին իրապես սև ամպեր են կուտակվել։ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում միևնույն 0:3 հաշվով պարտվել է համապատասխանաբար «Բավարիային» և «Բենֆիկային», իսկ Լա լիգայի շրջանակում անցկացրած 6 խաղից հետո վաստակել է ընդամենը 12 միավոր ու զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Անդրեա Պիռլո, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բելգիայի հավաքական, Ժոան Լապորտա, Խավի, Յուվենտուս, Ռոբերտո Մարտինես, Ռոնալդ Կուման