Ատլետիկոն թրիլլերային խաղում Comeback արեց ու հաղթեց Միլանին🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Միլանը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց տանտերերի առավելությամբ, ովքեր 20-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Խաղն ընթանում էր «ռոսոներիների» սցենարով, սակայն 29-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ֆրանկ Կեսիեն։
«Ատլետիկոն», ստանալով քանակական առավելություն, խաղը հավասարեցրեց, սակայն նախքան ընդմիջման գնալը չկարողացավ խփել պատասխան գնդակը։
Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի սաների առավելությունն առավել քան ակնհայտ էր։
«Հնդկացիները» մեծ ճնշում էին գործադրում Մայք Մենյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն որոշ դրվագներում ֆրանսիացի դարպասապահը «Միլանին» փրկեց վերահաս գոլից։
Այդպես «կարմրասևերը» դիմացան մինչև 84-րդ րոպե, սակայն, «Ատլետիկոյի» տղաները գեղեցիկ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Անտուան Գրիզմանը հաշիվը դարձրեց 1:1։
Հատկանշական է, որ ֆրանսիացի հարձակվողը «Ատլետիկո» վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։
Խաղավարտին մոտ` երբ թվում էր, թե խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, 90+3-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի հետո հանդիպման գլխավոր մրցավար Չունեյթ Չակիրը 11-մետրանոց հարված նշանակեց տանտերերի դարպասին։
Գնդակին մոտեցավ Լուիս Սուարեսը, ով էլ դիպուկ հարվածով թրիլլլերային հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին»։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Պորտու» 1:5 «Լիվերպուլ»
Երկրորդ տուրից հետո B խումբն ունի հետևյալ տեսքը.
- «Լիվերպուլ» – 6 միավոր
- «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր
- «Պորտու» – 1 միավոր
- «Միլան» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Լուիս-Սուարես, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել Լեաու, Ֆրանկ Կեսիե