Իտալիան 100%-անոց արդյունքով է ավարտում խմբային փուլը 🎥
Եվրո-2020-ի շրջանակում մեկնարկեց խմբային փուլի վերջին` երրորդ տուրը. Իտալիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «սկուադրա աձուրայի» առավելությամբ։
25-րդ րոպեին խաղի հաշը բացելուն մոտ էր Ֆեդերիկո Կիեզան. Անդրեա Բելատոին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցեց դեպի Կիեզան, սակայն վերջինս չկարողացավ սահանկումով գնդակն ուղարկել Դանի Վորդի պաշտպանած դարպասը։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը` 39-րդ րոպեին, Ռոբերտո Մանչինիի սաները Մատեո Պեսինայի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ կողմերն ընդմիջման գնացին իտալացիների նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր. իտալացիները գրոհում էին, իսկ Ռոբերտ Փեյջի սաները պաշտպանվում էին։
53-րդ րոպեին հարվածային դիրքում էր Ֆեդերիկո Բերնարդեսկին, սակայն «վիշապներին» փրկության հասավ դարպասաձողը։
55-րդ րոպեին Ուելսի կենտրոնական պաշտպան Իթան Ամպադուն կոպիտ խախտում թույլ տվեց Բերնարդեսկիի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանը կարմիր քարտով պատժեց 20-ամյա ֆուտբոլիստին։
Խաղավարտին մոտ տանտերերը մի քանի անգամ ևս կարող էին գրավել մրցակցի դարպասը, սակայն Անդրեա Բելոտին ու Բրայան Քրիստանտեն վրիպեցին նվաստավոր դիրքերից։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և «սկուադրա աձուրան» հաղթեց 1:0 հաշվով։
Այսպիսով, Իտալիայի հավաքականը հաղթեց A խմբի բոլոր խաղերում, վաստակեց 9 միավոր և վստահորեն նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
Ուելսը մնաց 4 միավորով, զբաղեցրեց 2-րդ տեղը և նույնպես նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Այս խմբի մյուս խաղում էլ Շվեյցարիան 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Թուրքիայի նկատմամբ և 4 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, սակայն Բրունո Պետկովիչի սաները, ամենայն հավանականությամբ, պայաքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Բելոտի, ԵՎՐՈ-2020, Իթան Ամպադու, իտալիայի հավաքական, Մատեո Պեսինա, Ուելսի հավաքական, Ռոբերտ Փեյջ, Ռոբերտո Մանչինի, Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա