Զիդան․ «Չեմ ցանկանում, որ սա նրա վերջին Կլասիկոն լինի»
Ապրիլի 10-ին Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայանալու է հերթական Էլ կլասիկոն ․ «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի մասին․
«Ես չեմ ցանկանում, որ սա լինի Մեսսիի վերջին Կլասիկոն։ Թող նա մնա «Բարսելոնայում»․ այնտեղ նրա համար լավ է։ Եթե Մեսսին մնա, ապա դա հիանալի կլինի Լա լիգայի համար։
Մենք շատ լավ գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է։ Նույնիսկ եթե նա գոլի հեղինակ չի դառնում (խմբ․՝ խոսքը «Ռեալի» դեմ խաղերի մասին է, որոնց շրջանակում նա գոլ չի խփել 2018 թ․ ի վեր), միևնույն է, մենք լավ գիտենք նրա մակարդակը։
«Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստներն էլ լավն են։ Մենք կփորձենք նրանց թույլ չտալ օգտագործել իրենց ուժեղ կողմերը, որոնք ունեն»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին Էլ կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է․ նա «արքայական» ակումբի դարպասն ուղարկել է 26 գնդակ՝ անցկացրած 44 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Էլ Կլասիկո, Լեո Մեսսի, Ռեալ Մադրիդ