Լիզարազյու․ «Նեյմարը չի հարգում ո՛չ իր թիմակիցներին, ո՛չ էլ մրցակիցներին»
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Բիքսանտ Լիզարազյուն սուր քննադատության է ենթարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ով Լիգա 1-ի շրջանակում վերջերս կայացած «Լիլի» դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից։
«Նա խաղադաշտ էր վերադարձել երկու ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո, իսկ երեք օրից Չեմպիոնների լիգայի հանդիպումն է։ Պետք է հանգիստ լինել, ինչը Նեյմարն ընդհանրապես չունի։ Նա չի հարգում ո՛չ մրցակիցներին, ո՛չ էլ թիմակիցներին։
Չի կարելի պահել քեզ այնպես, ինչպես Նեյմարը։ Նա 29 տարեկան է, վաստակում է 30 մլն եվրո և ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկն է․․․
Պետք չէ քեզ այդպես պահես, եթե չես խաղացել մի քանի շաբաթ։ Դա անչափ սխալ է։ Հնարավոր է՝ մեղավոր են այն մարդիկ, ովքեր նրան չեն պատժում այդ ամենի համար»,- նշել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Sports.fr-ն:
Հիշեցնենք, որ Բիքսանտ Լիզարազյուն իր կարիերայի լավագույն տարիները՝ 1997-2004 թթ․ հանդես է եկել «Բավարիայի» կազմում, որի մարզաշապիկով բոլոր մրցաշարարերի շրջանակում անցկացրել է 273 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մյունխենյան ակումբի կազմում 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ՝ Գերմանիայի գավաթակիր, իսկ 2001 թվականին՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։
Լիզարազյուն ևս 2 գոլ խփել է Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 90 հանդիպման շրջանակում։ «Եռագույնների» հետ Լիզարազյուն 1998 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2000 թ․՝ Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-1998, Աշխարհի առաջնություն, Բավարիա, Բիքսանտ Լիզարազյու, Բունդեսլիգա, Եվրո-2000, Եվրոպայի առաջնություն, Լիգա-1, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական