Դրամա Գերմանիայի գավաթում․ Բավարիան 11-մետրանոցներով պարտվեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբին🎥
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբը սեփական հարկի տակ ընդունեց «Բավարիային»։
Թվում էր՝ խաղում կա ակնհայտ ֆավորիտ, սակայն կարգով ավելի ցածր ակումբն ընդհանրապես համաձայն չէր այս սցենարի հետ։
Կողմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին խփած մեկական գոլով։ Նախ 14-րդ րոպեին մյունխենյան ակումբին առաջ մղեց Սերժ Գնաբրին, ապա 37-րդ րոպեին Ֆին Բարտելսը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսն էլ միանգամից մեկնարկեց Հանսի Ֆլիկի սաների խփած գոլով․ 48-րդ րոպեին աչքի ընկավ Լերոյ Սանեն։
Խփած երկրորդ գոլից հետո էլ «Բավարիան» վերահսկում էր խաղը, և մինչև 90+5-րդ րոպեն պահպանվեց 1։2 հաշիվը, սակայն, հիմնական ժամանակի վերջին գրոհի արդյունքում «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստները կարողացան հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ․ գոլի հեղինակ դարձավ Հաուկե Վալը։
Լրացուցիչ ժամանակում էլ մյունխենյան ակումբը մեծացրեց ճնշումը, քանի որ չէր ցանկանում, որ գործը հասնի 11-մետրանոց հարվածաշարին, սակայն, դրանից խուսափել չհաջողվեց։ Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 2։2 հաշվով։
11-մետրանոց հարվածաշարի արդյունքում էլ գրանցվեց անչափ խոշոր անակնկալ։ «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գնտվեցին վիճակախաղում և պայքարից դուրս թողեցին մրցաշարի գործող գավաթակրին։ Վճռորոշ դարձավ «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկայի վրիպումը։
# Բավարիա, Գերմանիայի գավաթ, Երկրորդ Բունդեսլիգա, Լերոյ Սանե, Հաուկե Վալ, Հոլշտայն Քիլ, Մարկ Ռոկա, Սերժ Գնաբրի, Ֆին Բարտելս