Միլանի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը և կիսապաշտպան Ռադե Կրունիչը վարակվել են կորոնավիրուսով և բաց կթողնեն հունվարի 6-ին իտալական Ա սերյաի 16-րդ տուրի շրջանակում կայանալիք «Յուվենտուսի» դեմ հանդիպումը։
Երկու ֆուտբոլիստների դրական թեստի պատասխանները պարզ են դարձել հունվարի 5-ին անցկացված թեստավորումներից հետո, երբ «Միլանի» ողջ անձնակազմը հանձնել է կորոնավիրուսի թեստ։
Հատկանշական է, որ ո՛չ Ռեբիչը ո՛չ էլ Կրունիչը որևէ ախտանշան չունեն, և ինքնամեկուսացել են։ Նրանք այսօր՝ հունվարի 6-ին, ևս մեկ անգամ կթեստավորվեն։
«Միլանի» անձնակազմի մյուս բոլոր ներկայացուցիչները այսօր նույնպես անցել են լրացուցիչ թեստավորում, որոնց բոլորի պատասխանը բացասական է եղել։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» կազմում նույնպես կան Covd-19-ով վարակակիրներ։ Վարակված են Խուան Կուադրադոն և Ալեքս Սանդրոն։ Թուրինյան ակումբը հունվարի 5-ին պետք է ավտոբուսով մեկներ Միլան, սակայն, զգուշանալով վարակի հետագա տարածումից, անորոշ ժամանակով չեղարկել էր ուղևորությունը։ Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» կազմում վարակված են միայն վերոնշյալ ֆուտբոլիստները, իսկ ակումբն արդեն մեկնել է Միլան․ հանդիպումը կայանալու է։
# Ա-սերիա, Ալեքս Սանդրո, Անտե Ռեբիչ, Խուան Կուադրադո, կորոնավիրուս, Միլան, Յուվենտուս, Ռադե Կրունիչ