34 տարվա մարզաշապիկի պատմություն․ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հրաժարվում է 1 մլն դոլարի դիմաց վաճառել Մարադոնայի մարզաշապիկը
«Նոթինգհեմ Ֆորեսթի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվ Հոդջը հրաժարվել է վաճառել Դիեդո Մարադոնայի մարզաշեպիկը մեկ միլիոն դոլարով։
Հոդջն ու Մարադոնան փոխանակվել էին մարզաշապիկներով Մեքսիկայում կայացած 1986 թվականի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ խաղից հետո, որտեղ արգենտինացին խփեց իր հանրահայտ, այսպես կոչված, «Աստծո ձեռքը»՝ ձեռքով գրավելով Անգլիայի ազգային հավաքականի դարպասը և հաղթանակ պարգևելով Արգենտինայի ընտրանուն (2:1): Ի դեպ, Դիեգոն այդ գոլը խփել է հենց Հոդջի սխալից հետո։
Այդ խաղից հետո անգլիացին խնամքով պահել էր մարզաշապիկն իր մոտ՝ հետագայում հանձնելով այն Մանչեսթեր քաղաքի Ֆուտբոլի թանգարանին։ Վերջերս 58-ամյա Հոդջը բացատրեց, թե ինչու չի ցանկացել վաճառել մեծագույն արգենտինացու մարզաշապիկը։
«Շատերն էին ինձ քննադատում, որ մարզաշապիկներով փոխանակվեցինք Դիեգոյի հետ, սակայն, այդ խաղը հավերժ մտավ ֆուտբոլի պատմության մեջ։ Ես երբեք չեմ մեղադրել Մարադոնային ձեռքով գոլի համար։ Նա աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է։ Նա առյուծի պես քաջ էր։ Յուրաքանչյուր խաղում նա ոտքերին բազում հարվածներ էր ստանում, բայց շարունակում էր խաղալ։
Մարադոնայի մահից հետո ես բազմաթիվ զանգեր ստացա․ շատերն են ցանկանում գնել մարզաշապիկը։ Ես այն պահում եմ ինձ մոտ արդեն 34 տարի, սակայն երբեք չեմ մտածել վաճառել այն։ »,- ասել է Սթիվ Հոդջը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
Կոլեկցիոներները պատրաստ են մեկ միլիոն և ավելի դոլար վճարել այդ հանրահատ մարզաշապիկի համար, սակայն բրիտանացին մերժում է բոլոր առաջարկները։
# Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Դիեգո Արմանդո Մարադոնա, Մունդիալ-1986, Նոթինգհեմ Ֆորեսթ, Սթիվ Հոդջ