Պիկեի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է․ բժիշկները լավ լուրեր չեն հայտնում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո» 1։0 «Բարսելոնա» հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի պաշտպաններ Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
«Բարսայի» պաշտոնական կայքը հայտնեց, որ Սերժի Ռոբերտոն աջ ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, իսկ Պիկեն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, սակայն ակումբը չի հայտնում, թե կոնկրետ երբ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
Որոշ աղբյուրներ նշում են, որ 33-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է և հավանական է, որ նա ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ չվերադառնա։ Ինչպես տեղեկացնում է COPE-ն, նման վնասվածքից լավագույն դեպքում ապաքինվում են 3-5 ամսվա ընթացքում։
Իսպանիայի լավագույն վնասվածքաբաններից Պեդրո Լուիս Ռիպոլն ավելի հոռետեսական է տրամադրված Պիկեի ստացած վնասվածքի հետ կապված․
«Դա բավականին լուրջ վնասվածք է։ Այս հարցում երկու կարևոր ասպեկտ կա․ առաջին՝ դա կողային կապանների գրեթե ամբողջական կտրվածք է, երկրորդ՝ առջևի ամբողջական խաչաձև կապանի մասնակի կտրվածք։ Առաջին դեպքում հնարավոր է բուժել օրթոպեդիկ միջամտության արդյունքում, իսկ երկրորդ դեպքն ավելի վատ է։
Նրա խաղադաշտ վերադառնալը կախված է այն բանից, թե արդյո՞ք առջևի խաչաձև կապանը վերականգնման անհրաժեշտություն ունի, թե՞ ոչ։ Այս պարագայում եթե ծունկը չունի կայունություն և հզորություն, ապա խոսքը գնում է 6-8 ամսվա վերականգնման մասին։
Եթե ամեն ինչ սահմանափակվում է ներքին կողային կապանով, ապա կարելի է խոսել 3-4 ամսվա վերականգնման շրջանի մասին»,- նշել է վնասվածքաբանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
# Բարսելոնա, Ժերար Պիկե