Սիթին ու Լիվերպուլը կիսեցին միավորը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ միմիյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։
Առաջ ընկնելով՝ նշենք, որ այս հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղաեսում, իսկ երկրորդ կեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում։
13-րդ րոպեին Սադիո Մանեն ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Կայել Վոլքերը միայն կանոնների խախտման գնով կասեցրեց սենեգալցի վինգերին․ նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 8-րդ գոլը։ Եգիպտացի ֆուտբոլիստը միացավ Ջեյմի Վարդիին, Դոմինիկ Կալվերտ-Լյուինին, ինչպես նաև Հին Մինին Սոնին, որոնց հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
31-րդ րոպեին «քաղաքաբնակները» Գաբրիել Ժեզուսի խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, իսկ 42-րդ րոպեին կարող էին անցնել հաշվի մեջ առաջ, սակայն Կևին դե Բրոյնեն հստակ չիրացրեց 11 մետրանոց հարվածը․ նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գծից։
Հանդիպման երկրորդ խաղակեսը անչափ անհետաքրքիր և առանց գոլային պահերի անցավ, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
«Լիվերպուլը» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Սիթին» 12 միավորով 11-րդն է, սակայն մեկ խաղ էլ պակաս են անցկացրել Պեպ Գվարդիոլայի սաները։
# ԱՊԼ, Գաբրիել Ժեզուս, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ